ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-4
Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյաները գործուղումների են գնում վարչապետի որոշումներով: Նման ՑԱՆԿԱՑԱԾ որոշման վերջին կետում նշվում է. «Եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»: Պաշտոնյաներն էլ ներկայացնում են, կառավարության աշխատակազմն էլ հանուն թափանցիկ աշխատաոճի դրանք հրապարակում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում կայքում՝ www.e-gov.am:
Դատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանի գործուղման հաշվետվությունից՝ կառավարությունում այս հաշվետվությունները չեն կարդում:
Փետրվարի 20-ին եւ 21-ին Անահիտ Գալստյանը եղել է Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ Եվրասիական տնտեսական միության անդամների կենսաթոշակային ապահովության ոլորտի լիազոր եւ իրավասու մարմինների ներկայացուցիչների կլոր սեղանին, քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության» պայմանագրի նախագիծը: Սոցապի պաշտոնյան հինգէջանոց մանրամասն հաշվետվություն է ներկայացրել, կառավարությանը տեղեկացրել, որ Ռուսաստանը կենսաթոշակային ապահովության ոլորտում այնպիսի փոփոխություններ է առաջարկում, որ Հայաստանի սրտով չեն: Հայաստանի ներկայացուցիչը (Անահիտ Գալստյանը) Բիշքեկում ասել է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ գրավոր դիրքորոշում կհայտնի: Իսկ իր հաշվետվության մեջ հստակ ներկայացնելով ռուսական առաջարկի մանրամասները՝ գրել է, որ դրանք հրապարակման ենթակա չեն: Չգիտեմ ինչու հրապարակման ենթակա չեն. որ Հայաստանի քաղաքացիները չհիասթափվե՞ն ԵԱՏՄ-ից, որ հերթական անգամ չերեւա՞, որ Ռուսաստանը ԵԱՏՄ է ստեղծել սեփական շահը սպասարկելու համար եւ այլն: Փաստն այն է, որ կառավարության աշխատակազմում չեն կարդում պետական պաշտոնյաների հաշվետվությունները եւ հրապարակում են անգամ այն հատվածները, որոնք պաշտոնյան առաջարկել է չհրապարակել:
Գիտակցաբար չեմ ներկայացնում հաշվետվության մանրամասները, որ չտիրաժավորեմ կառավարության կոպիտ սխալը: Դատելով այս դեպքից՝ կառավարությունում չգիտեն, որ տեղեկությունը ամենաթանկ ապրանքն է, ու Հայաստանին ոչ բարեկամ, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների հատուկ ծառայությունները հետեւում են մեր պաշտոնական կայքերին: Ու այս, մեղմ ասած, փնթիությունը հաստատ չի խոսում մեր ապահով ու անվտանգ կյանքի մասին:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ. Կենսաթոշակային ապահովության ոլորտում ռուսական նշված առաջարկը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն բանի պետք չէ:
«Առավոտ»
15.03.2018