Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոնչոյի գործով» շտապօգնությունը դատարանին խաբել էր, իսկ դատախազին տրամադրել է փաստաթուղթ

Մարտ 16,2018 14:00

Էլեկտրահարող սարքը փորձագետին չի ներկայացվել

Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» պաշտպան Էդիկ Աղաջանյանը, երբ Երեւանի Կենտրոն նստավայրում տեղեկացավ, որ շտապօգնությունը դատախազին տրամադրել է կանչի մասին կրիչը, դիմեց դատավոր Գագիկ Պողոսյանին, ասելով, թե դատախազը կասկածելի հանգամանքներում է ձեռք բերել այն:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 6-ի դատական նիստի ժամանակ որպես վկա դատարան էր հրավիրվել դերասան Վահագն Սիմոնյանի՝ քաղգործով ներկայացուցիչը, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը: Նա ներկայացրել էր 2015թ. օգոստոսի 24-ին դերասանի եւ նրա աներոջ հարեւանի՝ Ռ.Գալստյանի միջեւ պատահածը, երբ ծեծի էին ենթարկել դերասանին, եւ նրա համար ինքն անձամբ զանգել էր շտապօգնություն:
Վկայի այդ ասածի համար էլ դատարանը դիմել էր շտապօգնություն, որպեսզի իրենց տրամադրվեր կրիչը, ճշտելու համար, թե ինչպիսի ահազանգ է եղել:

Դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվող քրեական գործի մասին դատարանով վկա ճանաչված Գեւորգ Մարտիրոսյանը տեղեկացել էր «Առավոտ» օրաթերթից: Երբ դատախազը նրա վկայությունը լսելուց հետո հարցրեց, թե ինչու դեպքի օրվա մասին նախաքննության մարմնին չեք հաղորդել, փաստաբանն ասաց, թե ցանկացել է համոզվել՝ արդյոք մեղադրանքը պաշտպանող դատախազը գործի նյութերին ծանո՞թ է, թե՞ ոչ: Վկայի՝ շտապօգնություն զանգելու մասին վկայությունից հետո էլ դատարանը դիմել էր շտապօգնությանը, եւ դատավորին տեղեկացրել էին պաշտոնապես, թե կրիչը չի պահպանվել:

Այս գործով շրջադարձային իրադարձություններ են կատարվում, երեւան են գալիս նոր հանգամանքներ, որը խոսում է փնթի նախաքննություն իրականացնելու մասին: Տուժող է ճանաչվել մեկը, մինչդեռ ամբաստանվում է դերասանը, որին մեղադրանք է առաջադրվել քարով եւ էլեկտրաշոկով տուժողին հարվածելու համար:

Դատարան էր ներկայացել առողջապահության նախարարության փորձագետ Արսեն Բաբայանը: Նա հայտնեց, որ իր տված եզրակացության համաձայն, Ռ.Գալստյանին հասցված վնասվածքը «բութ» առարկաներով է հասցվել, որոնք թեթեւ մարմնական վնասվածք չեն:

Վկան նաեւ ասաց, որ դեպքից տասն օր հետո են հայտնաբերվել վնասվածքները, բութ, կոշտ առարկաներով են դրանք հասցվել:

Հնչեց հարց, թե տուժողին ճանաչե՞լ է, ինչին հետեւեց փորձագետի պատասխանը. «Եթե ճանաչեի, բացարկ կհայտնեին»:

Մեկ այլ հարց էլ տրվեց. անձի մարմնի վրա այրվածքի հետք հայտնաբերվե՞լ է, նկատի ունենալով էլեկտրաշոկով էլեկտրահարելը:

Ամբաստանյալ դերասանը, որը տուժող բառի փոխարեն օգտագործում էր «տուժվածք» արտահայտությունը, ինչի կապակցությամբ դատավորը նկատողություն արեց, հարցրեց՝ «կրծքին խազեր կայի՞ն»: Փորձագետը հաստատեց, որ զննել է տուժողին: Ի դեպ, տուժողը նիստին չէր մասնակցում:

Դատական նիստի ժամանակ պարզվեց նաեւ, որ էլեկտրահարող սարքը փորձագետին չի ներկայացվել, չկար նաեւ բժշկական փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ այս գործով լրացուցիչ վկա կանչված փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը իր վկայության ժամանակ հայտնել էր, որ «այդ տարածքում եղել է տեսախցիկ»: Նա նաեւ հայտնել էր, որ երբ ինքը մոտեցել է Վահագնի մեքենային, տուժողը քարով, ոտքերով, ձեռքերով շարունակել է հարվածել Վահագն Սիմոնյանին, իսկ Վահագնը այնքան վատ էր, որ ինքը պահել է, որպեսզի չընկնի, առհասարակ գիտակցություն չկար:
Նա նաեւ ասել էր. «Տեսել է Վահագնին՝ սյան մոտ կանգնած, կանչել է շտապօգնության բրիգադ եւ նրան տարել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Երբ ինքը հասել է հիվանդանոց, բժիշկն ասել է, որ Վահագնի վնասվածքը ծանր է, նա ուղեղի ցնցում է ստացել եւ հրաժարվում է բուժօգնությունից: Ինքը նույնպես համոզել է, որպեսզի Վահագնը բուժօգնություն ստանա: Վերջինս, սակայն, ստորագրել է մի փաստաթղթի տակ, որով հրաժարվել է: Ըստ վկայի՝ ինքը փորձեր է արել Վահագնին համոզել վիրահատության, բուժօգնության հետ կապված, սակայն Վահագնը հրաժարվել է: Փաստաբան ականատեսը խնդրեց, որ իր այս հաղորդումը դիտեն հաղորդում հանցագործության մասին»:

Գեւորգ Մարտիրոսյանը նկարագրել էր նաեւ այն դրվագը, երբ փորձել էր կանչել շտապօգնություն. «Երբ ոստիկանները եկան, տուժող Ռ.Գալստյանն ասաց՝ տղուս թայ տղա ես, գնա ապրի՝ ասես ինձ կյանք էր շնորհում: Ինձ քաշքշել են, չեն թողել, որ շտապօգնության մեքենա կանչեմ Վահագնի համար: Իսկ քննությունը ոչինչ չի պարզել»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 4-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Վահագն Սիմոնյանի նոր պաշտպանը գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը չհասցրեց քննարկվել: Խոսքը նրա խափանման միջոցը փոխելու մասին էր: Դերասանը հրավիրվել է Ռուսաստան նոր ֆիլմի նկարահանման համար՝ վեց ամսով: Նշեմ, որ նախաքննական մարմինը մեկ ամսով մի անգամ թույլատրել էր դերասանին դուրս գալ հանրապետությունից, Ղրիմում մասնակցելու «Նոյը հեռանում է» ֆիլմի նկարահանումներին:

«Առավոտ»

15.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031