Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային տենորը՝ իր արտասահմանյան խիտ գրաֆիկի եւ երեւանյան «լռության» մասին

Մարտ 16,2018 13:30

Երիտասարդ օպերային տենոր Տիգրան Օհանյանին հատուկ ներկայացնելու հարկ չկա: Եվ սա այն դեպքում, երբ 2016թ. մոսկովյան «Կուլտուրա» TV-ով մեծ հեղինակություն ու լսարան ունեցող «Բոլշայա օպերա» մրցույթից հետո, որտեղ նա հաղթող ճանաչվեց, երիտասարդ վոկալիստին մինչ օրս չենք հանդիպում երեւանյան ոչ մի բեմում: Այս փաստը հուզում է ոչ միայն մասնագետներին, այլեւ հանդիսատեսին: Օրինակ, օրերս երեւանյան սրճարաններից մեկում նրա հետ հանդիպման ժամանակ ինքներս ականատես եղանք, թե ինչպես էին անծանոթ մարդիկ մոտենում երգչին ու հետաքրքրվում, թե ինչու «չի երեւում»: Մենք էլ մինչ երգչի հետ հանդիպումը համացանցի միջոցով էինք տեղեկանում արտասահմանում նրա հաջողություններին, իսկ մոսկովյան TV-ներից ողջ 2017թ. ընթացքում ակնդիրն էինք դառնում նրա բեմելներին Մարիինյան թատրոնում, Չայկովսկու անվան մեծ համերգասրահում, քանիցս հանդիպեցինք նաեւ Վլադիմիր Սպիվակովի նվագախմբի ընկերակցությամբ նրա ելույթներին եւ այլն: Իսկ անցյալ տարվա աշնանը իտալական Տրիեստ քաղաքի հռչակավոր Վերդիի անվան օպերային թատրոնում կայացած Չայկովսկու «Եվգենի Օնեգին» ներկայացումից հետո teatroverdi-trieste.com կայքում օպերային քննադատները, այդ թվում՝ Գիլբերտո Միոնը, Ալեսսանդրա Ռեսսան եւ մյուսները, իրենց մասնագիտական խոսքում անդրադառնալով բոլոր կերպարներին, մանրամասնորեն ու տպավորիչ ներկայացրել էին յուրաքանչյուր մեներգչի կատարումը, հնչեցնելով խիստ որակումներ: Դրանցից զերծ էին միայն մեկ-երկու արտիստներ, այդ թվում՝ հայ տենորը:

Տիգրան Օհանյանը՝ Լենսկու կերպարում:

Հարցին՝ ի վերջո իր «լռությունը» ի՞նչ բացատրություն ունի եւ այն դեռ երկա՞ր է շարունակվելու, Տիգրան Օհանյանը պատասխանեց. «Արտասահմանի ոչ մի օպերային թատրոնի մեներգիչ չեմ, աշխատում եմ խիտ գրաֆիկով՝ հրավիրյալի կամ ինչպես ընդունված է ասել՝ ազատ արվեստագետի կարգավիճակով: Այստեղ իմ լռությունը կապված է զուտ ժամանակի սղության հետ: Եվ ամենակարեւորը՝ համաձայնում եմ այնպիսի համերգների կամ ներկայացումների, որոնց մասնակցելու դեպքում ձայնս չի վնասվի: Այսօր էլ երիտասարդ որոշ հիանալի երգիչներ, տարվելով բեմ բարձրանալու ու հավանաբար հռչակ ձեռք բերելու մոլուցքով, համաձայնվում են այնպիսի դերերգերի, որոնք միանշանակ վնասում են ձայնալարերը, հենց թեկուզ ծանրաբեռնելով դրանք»: Հետո, հավանաբար իբրեւ ապացույց խիտ գրաֆիկի, սկսեց 2017թ. սկզբից ամիս առ ամիս, նույնիսկ ամսաթվերով թվարկել արտասահմանյան ելույթները: Տեղեկացանք, որ առաջին բեմելը «Բոլշայա օպերայից» հետո կայացել է 2017թ. սկզբին Մինսկի մեծ թատրոնում, Հերցոգի դերերգով՝ Վերդիի «Ռիգոլետոյում», ինչին հաջորդել են տենորի մասնակցությամբ ելույթները Սանկտ Պետերբուրգի «Կապելլա» սրահում, այստեղ նա մասնակցել է Մոցարտի Ռեքվիեմի կատարմանը, հետո Սպիվակովի անվան փառատոնի փակմանը՝ Պերմում, այնուհետեւ՝ Սամարայում եւ այլն: Բոլորը չես թվարկի: Հետաքրքրությանը, թե նման գրաֆիկը արդյունք է մենեջերների՞, թե՞…, մեր զրուցակիցը հայտնեց, որ իհարկե՝ մենեջերի, հետո էլ մանրամասնեց. «Արտասահմանյան հյուրախաղերս վաղուց կազմակերպում է եվրոպական DM Artist մենեջերական կազմակերպությունը, իսկ կոնկրետ Ռուսաստանում՝ տարբեր նախագծերի հեղինակներն են ինձ հետ կապվում»:

Տենորն ու իտալական «Եվգենի Օնեգինի» բեմադրիչ դիրիժոր Ֆաբրիցիո Մարիա Կարմինատտին:

Զրույցի ընթացքում Տիգրան Օհանյանը հաճույքով հիշեց երեւանյան բեմելները՝ մինչ «Բոլշայա օպերայում» իր հաղթանակը, օրինակ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ իր մասնակցությունը Պուչինիի «Բոհեմ» օպերայի բեմականացմանը՝ Ռուդոլֆի դերերգով կամ Հանրապետության հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատվին համերգում իր ելույթը, նաեւ մտաբերեց 2016թ. Երիտասարդ գնչուի դերերգով իր դեբյուտը Երեւանի օպերային թատրոնում՝ Ռախմանինովի «Ալեկո» օպերայում եւ այլն: Մենք էլ հավելենք երգչի հաղթանակները տարբեր միջազգային մրցույթներում, օրինակ՝ 2015թ. Ռիգայում կայացած Յազեպս Վիտոլսի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթը կամ դրանից առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած մրցույթը, որտեղ հայ վոկալիստը արժանացավ «Ամենահեռանկարային երիտասարդ տենոր» մրցանակին եւ այլն:
Հետաքրքրությանը՝ թե առաջիկա բեմելը որ երկրում է, մեր զրուցակիցը շրջանցելով այն, հայտնեց հետեւյալը. «Հետաքրքիր շատ դեպքեր են լինում շրջագայություններիս ժամանակ: Օրինակ, անցյալ տարի Վերդիի անվան թատրոնում կայացած «Եվգենի Օնեգին» ներկայացման ավարտին, շնորհավորանքների ժամանակ ինձ մոտեցավ մի իտալացի եւ մինչ շնորհավորելը ներկայացավ ընդամենը որպես Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի մտերիմ ընկեր, ու քանի որ նա չէր հայտնել իր անունը, ես հետաքրքրվեցի, պարզվեց, որ նա աշխարհահռչակ իմպրեսարիո Մարիո Դրադդին է, որի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց «Երեք տենոր» հայտնի նախագիծը՝ Պավարոտիի, Դոմինգոյի, Կարերասի մասնակցությամբ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031