Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որն է մեր ազգային ավանդույթների ու սովորույթների գլխավոր նպատակը

Մարտ 16,2018 12:30

Բոլոր ավանդույթների ու սովորույթների նպատակը մարդուն փոխելն է, նրա մեջ որոշակի վարքագիծ ու մտածողություն ձեւավորելն է: Բարի սովորությունների նպատակը մարդուն ավելի լավը դարձնելն է, իսկ չար սովորությունների նպատակը մարդուն կործանելն է:
Ողջույն, սիրելի բարեկամներ: Մի քանի օր առաջ ընկերներից մեկը մի հարց տվեց ժողովրդական մի սովորության մասին, թե ինչպես է այն անելու կարգը: Մենք խոսեցինք, բայց հետո սկսեցի մտածել, որ շատ հաճախ մենք ավելի շատ կենտրոնանում ենք բուն սովորությունների ու ավանդույթների վրա, քան թե դրանց իրական նպատակի վրա:
Երբեմն հարցնում եք, ճի՞շտ է, որ քրիստոնեության մեջ այս բանը պետք է այսպես կատարել, կամ այն բանը պետք է այնպես կատարել:

Քրիստոնյաներ ջան, 2000 տարվա պատմության մեջ մենք ձեւավորել ենք շատ գեղեցիկ սովորություններ ու ավանդություններ: Դրանք ունեն արտաքին կողմեր եւ ներքին իմաստ: Արտաքին կողմը տեսանելի կողմն է, թե ինչպես են պահվում ու կատարվում այդ ավանդություններն ու սովորությունները: Իսկ ներքին իմաստը նրա մասին է, թե ինչ նպատակի համար են դրանք կատարվում: Այսինքն, թե ինչ տեսակ մարդ ենք ուզում դառնալ:

Լավ է, ու պետք է բարի ավանդությունները պահել, եթե դրանք չեն հակառակում Աստուծո Խոսքին, այլ նպաստում են, որ մարդը փոխվի ու ապրի Քրիստոսի պատվիրաններով:
Բայց այս ավանդությունների ու սովորությունների ամբողջ իմաստը նրանումն է, որ մարդը փոխվի ու դառնա ավելի լավը:

Դրա համար դուք նախ եւ առաջ բռնեք այնպիսի բաներից, որոնք մարդու միտքն ու հոգին մաքրում են կեղտերից: Ինչ որ մտածում եք, ինչ որ խոսում եք, կամ ինչ որ անում եք, արեք այնպես, որպեսզի դուք մաքրեք ձեր անձը ներքին կեղտից ու աղբից:
Մաքրեք ձեր սիրտը ագահությունից: Մաքրեք ձեր սիրտը նախանձից: Մաքրեք ձեր սիրտը ստախոսությունից ու բամբասկոտությունից: Մաքրեք ձեր սիրտը ինքնահավանությունից ու սեփական անձը բարձրացնելուց: Շատ այսպիսի չար կրքեր կան, մաքրեք ձեր անձը այս եւ նմատիպ կեղտերից որքան հնարավոր է:

Եթե ձեր դիմացինի հետ վիճում եք, ու մեկը ձեզ ասում է՝ «լավ, ներե՛ք իրեն», դուք ասում եք՝ «թող նախ ինքը զղջա, հետո ես էլ կզղջամ իմ սխալի համար»: Իմացի՛ր, որ երբ դու ես զղջում քո սխալ բաժնի համար ու դու ես ներում, ապա դու ես մաքրվում քո ներսի աղբից: Ի՞նչ այդ աղբը պահես քո սրտի վրա, ինչպես մի թունավոր կարիճ: Ազատվիր դրանից ու աղոթիր քո ընկերոջ համար, որ ինքն էլ ուզենա մի օր ազատվել իր թունավոր բեռից:
Մեր հայրերից մեզ հասած ազգային ավանդույթներն ու սովորությունները նրա համար են, որ պահպանեն մարդու մեջ բարի հիշողությունը: Որպեսզի մենք հիշենք մաքրվելու եւ բարի բաների մասին: Որպեսզի մենք ավելի լավը դառնանք, ավելի բարի դառնանք, ավելի շատ սիրենք Աստծուն ու մեկմեկու: Որպեսզի ավելի լուսավոր դառնանք:

Հետեւաբար, ամեն անգամ, երբ որ մի սովորություն պահեք, հիշե՛ք, արդյոք դա ինչքանով է օգնում ավելի լավ մարդ ձեւավորելու սուրբ գործին:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

15.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031