Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՐԵՆՑԸ

Մարտ 16,2018 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ իններորդ

ՇԵՐԵՆՑԸ

Եվ Փելեշյանը մի քիչ մտածեց ու բաժակը բարձրացնելով ասաց՝ «ես էս բաժակով ուզում եմ Ֆրունզի կենացը խմեմ», եւ երբ Ֆրունզիկն ասաց՝ «իմ կենացն արդեն խմել ենք», Փելեշը Ֆրունզիկին ասաց՝ «ես ուզում եմ քո կենացը Շերենցի իմաստով խմենք», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «Շերենցի իմաստը ո՞րն ա», եւ Փելեշը Ֆրունզիկին ասաց՝ «Շերենցը, փաստորեն, քո շնորհիվ ա դերասան դառել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շերենցը որ Լենինականի թատրոնում դերեր էր խաղում, ես մի մատ էրեխա էի», եւ Փելեշը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «դու ես իրան Երեւան բերել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դու որ իրան Երեւան չբերեիր, ոչ ոք չէր իմանա, որ Շերենց անունով դերասան գոյություն ունի», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ինձ էլ մեր ֆիզկուլտի դասատուն ա առաջին անգամ Երեւան բերել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն ինձ համոզում էր, որ բոքսի գնամ», եւ Խորիկը ժպտալով Հրանտին ասաց՝ «ես լսել էի, որ բոքսյոր ես էղել, բայց չէի հավատում», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «բռնցքամարտում իմ հաջողությունները շատ կարճ տեւեցին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ էդ բնագավառում ոչ մի հաջողություն չունեցա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հենց առաջին մրցման ժամանակ քիթս ջարդեցին», եւ Փելեշը ժպտալով ասաց՝ «բոքսը տուժել ա, բայց գրականությունը շատ ա շահել», եւ Խորիկը փռթկացնելով ասաց՝ «բայց ամենից շատ Ենգիբարյանն ա շահել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «քիթս որ ջարդեցին, Ենգիբարյանը վաղուց արդեն չեմպիոն էր», եւ Փելեշյանը փռթկացնելով Հրանտին ասաց՝ «բայց քեզ շատ ա սազում», եւ Հրանտը զարմացած նայեց Փելեշյանին ու հարցրեց՝ «ի՞նչն ա շատ սազում», եւ Փելեշյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «էդ ջարդված քիթը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշին ասաց՝ «որ ինձ չջարդված քթով տեսած լինեիր, էդպես չէիր ասի», եւ Փելեշը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Հրանտին ասաց՝ «քեզ չջարդված քթով հեչ չեմ պատկերացնում», եւ Հրանտը թարս նայեց Փելեշին ու ասաց՝ «որ երեւակայությանդ մի քիչ զոռ տաս, կպատկերացնես» եւ մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին հարցրեց՝ «գիտե՞ս ինչի ա Փելեշը հետս վատ», եւ Ֆրունզիկը փռթկացնելով Հրանտին հարցրեց՝ «ինչի՞ ա վատ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «ես եմ Մալյանին համոզել, որ Ռեւազի դերը Փելեշին տա», եւ Փելեշը թարս նայեց Հրանտին, մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ոչ թե Մալյանին ես համոզել, այլ երկուսով միասին ինձ եք համոզել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով Փելեշին ասաց՝ «սկզբում Մալյանին համոզեցի, հետո նոր երկուսով քեզ համոզեցինք», եւ Փելեշը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ոչ թե համոզեցիք, այլ՝ հարիֆացրիք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Ռեւազին էլ հարիֆացրին՝ ոչխարները կերան»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031