Այսօր կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին լրագրողները խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի արած հայտարարությունը, թե ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն եւ բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունել են իբր Խոջալու բնակավայրում Հայաստանի կողմից իրականացված կոտորածը, որ կա Ադրբեջանի տարածքի օկուպացում եւ ադրբեջանական տարածքները վերադարձնելու հարց:
«Տեղյակ եմ, որ Թուրքիայի վարչապետը Բաքվում խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրությունից եւ արել հայտարարություններ, որոնք քան լկտի սուտ եւ անհեթեթություն, անհնարին է որակել…:
Չկա աշխարհում մի միջազգային կառույց եւ կազմակերպություն, լինի ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն, թե ԵԱՀԿ-ն, որն ընդունել է որեւէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որեւէ կոտորածի մեջ: Դա լկտի սուտ է եւ անհեթեթություն: Սա թուրք-ադրբեջանական-գեբելսյան հերթական կեղծիքն է: Այն, որ ասում են՝ մեր գեղից մարդ չկա, նույնն է: Իրենք իրենց գյուղում հավաքվել են, ուրիշ գյուղից մարդ չկա՝ սուտն ասում են: Ավելին, Խոջալուի մասին բազմաթիվ անգամ խոսվել է, իրենց նախկին նախագահ Մութալիբովը խոսել է: Դա Ադրբեջանի ներքաղաքական պայքարի արդյունք է, երբ Ադրբեջանի այն ժամանակվա ընդդիմությունը խփեց պարոն Մութալիբովի աքիլեսյան գարշապարին: Դրանից վիրավորված Մութալիբովը 1992 թվականին հարցազրույց տվեց համապատասխան թերթին: Դա կա համացանցում եւ գաղտնիք չէ: Թուրքիայի քաղաքական ղեկավարության փորձերը, որ ասում են՝ իրենք ամեն ինչում Ադրբեջանի կողքին են լինելու, մեկ անգամ եւս վերահաստատում են մեր այն կարծիքը, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնախնդրում, քանի որ սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը:
Տարածքներ վերադարձնելու մասին: Մենք ոչինչ չունենք վերադարձնելու: Իրենք վերադարձնելու տարածքներ ունեն: Թուրքիան էլ բազմաթիվ տարածքներ ունի վերադարձնելու, այդ թվում՝ այսօր Եվրոմիության անդամ երկիր Կիպրոսի հանրապետության 38 տոկոսը: Իսկ ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրին, Ալիեւը հայտարարել է, թե միջազգային հանրությունը պետք է սանկցիաների ենթարկի Հայաստանի Հանրապետությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի, բայց բացառապես Ադրբեջանի նկատմամբ, որի հանցագործ քաղաքականության պատճառով 88-ին Սումգայիթում կոտորվեց անմեղ ու անզեն մի քանի հարյուր հայ բնակչություն եւ երկու տարի անց նման կոտորած կազմակերպեց Բաքվում: Եթե այն ժամանակ քաղաքակիրթ աշխարհը կարողանար պատժամիջոցներ մտցնել, գուցե նման բան չլիներ», – ասաց Էդուարդ Շարմազանովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ