Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ՀՀ ԱԺ նախագահին եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին հասցեագրված դիմումների հիման վրա մարտի 14-ին վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը եւ հանձնաժողովի անդամներ Կարինե Աճեմյանը, Իվետա Տոնոյանը, Արման Սաղաթելյանը եւ Արարատ Միրզոյանն այցելել են համալսարան:
Այցի նպատակն էր անդրադառնալ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում առաջացած մի շարք խնդիրների, քննարկել դրանց լուծման ուղիները:
Տեղեկացնենք, որ բուհի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը բազմիցս նամակով դիմել են Ազգային ժողով` հայտնելով իրենց մտահոգությունները Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի, բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի, նրանց խոսքով, անօրինականությունների ու կամայականությունների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ համալսարանի պրոռեկտորներ Երվանդ Սերոբյանը եւ Անահիտ Ֆարմանյանը:
Քննարկվել են բուհի ղեկավարության գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերել են մասնավորապես մագիստրատուրայի ընդունելության կարգի ձեւավորման, բուհի ֆինանսական գործունեության թափանցիկության, գրադարանային ֆոնդի նպատակային օգտագործման եւ այլ հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն անհրաժեշտ է համարել կրթական հաստատությունում վստահության մթնոլորտի ամրապնդումը, խնդրահարույց հարցերի համատեղ քննարկումը` միտված համալսարանի գործունեության թափանցիկության ապահովմանը:
ՀՀ Ազգային ժողով