Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 15.03.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 6 զոհված զինծառայողների ընտանիքների:
Այսօր շարքային զինծառայողներ Հայկ Ռազմիկի Քալանթարյանի եւ Գրիգոր Կարապետի Եղոյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
13.03.2018թ.-ին կայացած Խորհրդի նիստի ժամանակ Հիմնադրամի Խորհուրդը քննարկեց 4 զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի շահառու ճանաչելու հարցը:
Այդ 4 զինծառայողներից 3-ը՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, ինչպես նաեւ շարքային զինծառայողներ Էդգար Նարայանը եւ Էրիկ Աբովյանը հակառակորդի կրակից զոհվել էին 2017թ.-ի դեկտեմբերի 29-ին՝ Նոր Տարվա նախօրյակին: Իսկ շարքային զինծառայող Գարիկ Վարդանյանը դեկտեմբերին ստացած վնասվածքներից մահացել էր 2017թ.-ի հունվարի 15-ին:
Դեպքերի քննարկման արդյունքում Հիմնադրամի Խորհուրդը կայացրեց հատուկ որոշում բացառության կարգով այս 4 զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի շահառուներ ճանաչելու մասին: Ընդ որում՝ քանի որ այս զինծառայողների ընտանիքներին հատուցման միանվագ վճարը (10,000,000 ՀՀ դրամ) արդեն իսկ տրամադրել էր ՀՀ Պաշտպանության Նախարարությունը, Հիմնադրամը ստանձնեց միայն 20 տարվա ընթացքում ամսական հատուցման գումարներ վճարելու պարտականություն:
Մասնավորապես՝ Հիմնադրամը պարտավորվեց ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի ընտանիքին 20 տարվա ընթացքում վճարել ամսական 300 000 ՀՀ դրամ, իսկ շարքային զինծառայողներ Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյանի եւ Գարիկ Վարդանյանի ընտանիքներին 20 տարվա ընթացքում վճարել ամսական 200 000-ական ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ