Հայաստանում առկա են կոռուպցիոն ռիսկեր ստեղծող մի շարք գործոններ առանց երեխային առանց ծնողական խնամքի մնացած՝ ԱԾԽՄ ճանաչելու գործընթացում: Այսպիսի եզրահանգման են եկել «Սոցիալական արդարություն» հ/կ-ի մասնագետները, որոնք «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ուսումնասիրություն են իրականացրել:
Այսօր Կոնգրես հյուրանոցում ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները:
Զեկույցը ներկայացրեց «Սոցիալական արդարություն» հ/կ-ի ներկայացուցիչ Ռոման Ահարոնյանը: Եվ, ըստ զեկույցի, օրենսդրությունում սահմանված չեն «ծնողի կողմից երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների եւ շահերի պաշտպանությունից խուսափելու» հիմքը գնահատելու հանգամանքները եւ չափանիշները: Գնահատման հստակ չափորոշիչների եւ գործիքակազմի բացակայությունը, ըստ զեկույցի հեղինակների, հնարավորություն է ստեղծում կամայականությունների՝ կոնկրետ իրավիճակը, որպես խուսափում որակելու կամ չորակելու առնչությամբ՝ ի վնաս երեխայի իրավունքների եւ շահերի: ԱԾԽՄ ճանաչված եւ հաշվառված երեխաներին ընտանիք վերադարձնելու իրավական հիմքերը հստակ չեն ու կարող են կամայական եւ տարբերակված մեկնաբանության ու կիրարկման տեղիք տալ:
Համակարգի խնդիրներից է նաեւ այն, որ ԱԾԽՄ ճանաչելու եւ գնահատելու գործընթացում ներգրավված մասնագետների կարողությունների պակասը հանգեցնում է կամայական որոշումների: «Խնամակալության եւ հոգաբարձուների խորհուրդները, սոցիալական աջակցության տարածքային բաժինները, ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները հաճախ չունեն բավարար մասնագիտական կոմպետենտություն ունեցող անձնակազմ երեխայի լավագույն շահը եւ կարիքները գնահատելու համար: Այս բացը հաճախ հանգեցնում է նաեւ մասնագիտական անկախության ցածր մակարդակի, եւ որոշումների կայացման գործընթացը կարգավորվում է ոչ թե գիտելիքների, արժեքների ու բարեվարքության հիման վրա, այլ՝ վարչահրամայական եղանակով»,-նշված է զեկույցում:
Մեկ այլ խնդիր էլ վերաբերում է ծնողի իրավունքներին: Ըստ զեկույցի՝ «Երեխայի դաստիարակությունից եւ իրավունքներն ու շահերի պաշտպանությունից խուսափող ծնողները չեն ենթարկվում օրենքով նախատեսված պատասխանատվության՝ չափորոշիչների եւ իրավասու մարմինների լիազորությունների եւ գործառույթների անհստակության պատճառով»:
Ռոման Ահարոնյանի խոսքերով՝ եթե ծնողը համաձայն չէ համապատասխան մարմնի որոշումից, հստակ չէ, թե ինչպե՞ս կարող է պաշտպանել իր իրավունքները:
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակներն առաջարկում են՝ «Համապատասխան իրավական ակտերում հստակեցնել ծնողի կողմից երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությունից խուսափելու համար պատասխանատվության համապատասխան տեսակի, այդ թվում քաղաքացիական, վարչական եւ քրեական, կիրառման չափանիշներն ու պայմանները: Հստակեցնել ծնողի կողմից երեխայի դաստիարակությունից, խնամքից կամ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությունից խուսափելու համար պատասխանատվության ընթացակարգերը, այդ առթիվ իրավասու մարմինների լիազորություններն ու գործառույթները»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ոլորտում առկա լուրջ խնդիրներից է նաեւ երեխայի խնամքից ժամանակավոր հրաժարվելու երեւույթը: Ըստ մասնագետների՝ ներկայումս գործում է երեխայի խնամքից ժամանակավոր հրաժարվելու հիմքով երեխային՝ առանց ծնողական խնամքի մնացած ճանաչելու գործընթաց եւ երեխայի ուղղորդում դեպի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն: Հեղինակներն առաջարկում են՝ «Հստակեցնել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում երեխային տեղավորելու հիմքերը, նրա կարգավիճակը, նվազագույն ժամանակահատվածը՝ բացառելու անօրինական պրակտիկայի հնարավորությունը»:
Ըստ մասնագետների, կոռուպցիոն ռիսկեր կան, օրինակ` այնպիսի դեպքերում, երբ ասենք ծնողը որոշել է հետ վերցնել իր երեխային խնամքի կենտրոնից, սակայն կենտրոններում տարբեր պատճառներով ու հիմնավորումներով ձգձգում են երեխային ծնողին վերադարձնելը, քանի որ երեխայի խնամքի կենտրոնները ֆինանսավորվում են ըստ երեխաների քանակի:
Հ/կ-ի ներկայացուցիչն ասաց, որ արձանագրվել են դեպքեր, երբ ծնողը երեխային տանում է մանկատուն, ասում՝ ես ժամանակավոր հրաժարվում եմ խնամքից, ու այդ պահից սկսվում է գործընթացը՝ երեխային առանց ծնողական խնամքի մնացած են ճանաչում, ինն անօրինական է:
«Սոցիալական արդարություն» հ/կ-ի ղեկավար Արշակ Գասպարյանն ասաց, որ չկա հստակ կարգավորում երեխայի խնամքից հրաժարվելու գործընթացում, նախ երեխային հանձնում են մանկատուն, հետո որոշում՝ խնամքից հրաժարվել կամ խնամակալություն հանձնել, այստեղ կոռուպցիոն ռիսկ կա.«Մենք չենք դիտարկում, թե մանկատան տնօրենն ինչքան փող է վերցնում, որ խնամակալության հանձնաժողովը տիկնոջն ասի՝ գնա Թուրքիա աշխատի, երեխայիդ այստեղ կպահենք, որովհետեւ մանկատունը փող է ստանում գլխաքանակով»: Ըստ Գասպարյանի, երբ ծնողը գալիս է ու ասում՝ չեմ կարողանում կամ չեմ ուզում երեխային պահել, այ հենց այստեղ իրավական կարգավորումների խնդիր կա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ