Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի լեհ դիրիժորն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը

Մարտ 15,2018 20:20

«Շատ կցանկանայի դուդուկն ավելի մոտիկից ճանաչել, գիտեմ՝ այն հայկական արմատներ ունի», մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց լեհ հռչակավոր դիրիժոր Անտոնի Վիթը:

Գրեմմիի, Էմմիի, Կաննի մրցանակակիր հայտնի դիրիժորն առաջին անգամ կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մարտի 16-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգի ժամանակ կհնչեն Մոցարտ ու Բրուկներ:

«Ընդամենը երկուսուկես տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել Վարշավայի նվագախմբի դահլիճում, իսկ այսօր Անտոնի Վիթին հյուրընկալել ենք մենք», ասաց ՀԱՖՆ փոխտնօրեն Արման Պադարյանն իր բացման խոսքում:

«Համերգի փորձերը սկսել ենք երկուշաբթի օրվանից, բայց ես արդեն հասցրել եմ զբոսնել Երևանում: Առաջին երեք օրը եղանակը շատ լավ էր, կարողացա քայլել Կասկադով, շատ հաճելի էր: Իսկ վաղը չէ մյուս օրը որոշել ենք գնալ Էջմիածին», պատմում է դիրիժորը:

Հենց ասուլիսի ժամանակ էլ Անտոնի Վիթը զարմանքով հայտնաբերեց, որ հայտնի կոմպոզիտոր Օհան Դուրյանը նույնպես հայ էր:

«Ես չգիտեի, որ նա հայ է: Իրեն շատ լավ եմ ճանաչել: Երբ դեռ ուսանող էի, Կրակովի ֆիլհարմոնիկում հիանալի համերգներ էր տալիս Օհան Դուրյանը: Շատ ուրախ եմ, որ իր մասին հարցրիք. իմացա, որ հայ է: Հայ կոմպոզիտորներից Արամ Խաչատուրյան էլ եմ շատ սիրում՝ առանձնահատուկ է: Լեհաստանում մի անգամ իր գործերը կատարել եմ, բոլորը շատ են հավանել», ասաց Անտոնի Վիթը:

Աշխարհահռչակ դիրիժորն ունի բազմաթիվ շքանշաններ ու մրցանակներ, որոնցից ամենահայտնիներն են Լեհաստանի վերածննդի «Ասպետական Խաչ», Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանի ասպետ, «Commander’s Cross» և «Officer’s Cross» մրցանակները: Մաեստրոն յոթ անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Լեհաստանի Արվեստի վաստակավոր գործիչն ունի 200-ից ավելի ալբոմներ և, ինչպես ինքն է ասում, իրեն ամենաշատն ուրախացնում է այն, որ աշխարհի ցանկացած կետում կարող են գտնել իր պոստերներից: Երաժշտական գործիքներից ամենաշատը սիրում է դաշնամուր և ջութակ:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքների մասին խոսելիս՝ Անտոնի Վիթն ասաց.

«Այստեղ նվագախումբը շատ լավն է, ոչ մի թույլ տեղ չկա, ու շատ կարևոր է նաև, որ բոլորը հաճույքով են աշխատում: Մթնոլորտն էլ հիասքանչ է, ինչը շատ կարևոր է ցանկացած դիրիժորի համար: Միայն այն է վատ, որ բոլորի հետ ստիպված եմ ռուսերեն խոսել, հաճախ կարիք է լինում միտքս կրկնելու»:

Անտոնի Վիթը Զալցբուրգում Զատկի փառատոնի ժամանակ եղել է ավստրիացի դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի ասիստենտը: Կարայանից ամենաշատը տպավորվել է լրջությունն ու աշխատասիրությունը. նա կարող էր աշխատել 10 և ավելի ժամ անընդմեջ:

Իրավաբանական կրթություն ստացած դիրիժորը պատմեց, որ իր հաջողության գրավականը ինքնաբացահայտումն է՝ խորհուրդ տալով երիտասարդ երաժիշտներին սկզբում փորձել հասկանալ սեփական եսը:

Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հակոբ. Մ. says:

    Իսկ ինչո՟ւ ՎիԹ և ոչ թե ՎԻՏ: Լեհերեն գրվում է Wit և արտասանվում Վիտ, Տ-ով և ոչ թե Թ-ով, ինչպես դուք եք սխալ տառադարձել: Բոլոր օտար անձնանունները և տեղանուններն անգլերեն եք կարդում, հայոց լեզվի հերն անիծվում է… Բավակա՛ն է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031