Մարտի 12-ին Ֆրանսիայի Ռոն Ալպ-Օվերն շրջանի Դեսին Շարպիո քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։
Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Դեսին Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրան, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Դանիել Կազարյանը, Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, քաղաքային խորհրդի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։
Միջոցառումները սկսվել են Ֆրանսիացի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի ներկայացմամբ:
«Ֆրանսիայում Արցախի օրերի» ծրագրում ընդգրկված են նաև նկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճանապարհորդություն դեպի Արցախ» ջրանկարների շարքը, Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի, Հյուլե Քեշիշյանի «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները Տոբոգան թատերասրահում:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է նաև Դեսինի-Շարպիոյի Հայ մշակույթի տան կողմից մարտի 19-ին կազմակերպել ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան Կլոդ Մութաֆյանի դասախոսությունը՝ «Բացահայտել Արցախը» խորագրով։
2017 թ. սեպտեմբերի 25-ին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Ճարտար և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո քաղաքների միջև:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ