«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն այսօր նշեցին կուսակցության ստեղծման մեկ ամյակը: Կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը խոստացավ, որ չի լինելու որեւէ զիջում այս «ապօրինի գործող» համակարգի համար, եւ իրենք հասնելու են իրենց նպատակին: Նրա խոսքով, իրենք ունեն իրենց հստակ ծրագիրը ու այդ ծրագրով առաջ են գնալու, ոչ մի խոչընդոտ իրենց չի կանգնեցնելու:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու լուրերին՝ Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Կարեւորը պետք է համախմբվենք ազգով, ոչ թե խմբերն այլ քաղաքական միավորները, պետք է մեկ գաղափարի շուրջ միավորվենք, իսկ գաղափարը Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելը չէ:
Խնդիրն այն է՝ արդյոք մենք ճանաչում ենք մեր իրավունքներն այս պահին հայկական պետականության նկատմամբ, արդյոք ճանաչում ենք մեր քաղաքական իրավունքները այս պետականության ներքո. ընտրելու ու ընտրվելու մասին է խոսքը, եթե այս ամենը չենք ճանաչելու ու նորից առեւտրի առարկա ենք դարձնելու մեր հայրենիքի մի մասը, նորից շահարկելու ենք մեր ընտրվելու եւ ընտրելու իրավունքը, այդ իրավունքը փոխանցելու ենք մի սակավ հատվածի, չեմ կարծում, որ կարող ենք ժողովրդավար համակարգ հիմնադրել, իսկ այս 25 տարիները հենց այդ մասին են վկայում, որ չկարողացանք ժողովրդավար համակարգ հիմնադրել, որովհետեւ մեր ազգի հիմնական մասը, որը անկախ ու զարգացած է, չկարողացավ մասնակցություն դրսեւորել քաղաքական հարցերին»:
Հարցին, թե «Երկիր Ծիրանին» չի՞ պայքարի, որ Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.
«Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելը, կամ մեկ այլ անձի վարչապետ լինել-չլինելը չի լուծելու խնդիրը, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չլինի, բայց համակարգը պահենք, որեւէ խնդիր չի լուծվելու, անուն, ազգանունները կարող են փոխվել, բայց մեր կյանքում որեւէ բան չի փոխվի» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ