Լրահոս
Օրվա լրահոսը

«Չե՛ն մարսելու, վատ անակնկալ ունեմ թե՛ Սահակ Մինասյանի և թե՛ Լևոն Մկրտչյանի համար»․ Գագիկ Համբարյան

Մարտ 15,2018 19:11

Այսօր աշխատանքից ազատել են Շիրակի պետական համալսարանի «Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանին ու նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին, որոնք մոտ մեկ տարի բարձրաձայնում են ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասին։

Որպես աշխատանքից ազատման հիմք՝ մեջբերվում է ՇՊՀ գիտական խորհրդի արձանագրությունն ու ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումը (տես փաստաթղթում):

Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Սա Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հերթական բեզպրեդելության արգասիքներից է, և ես բացահայտ կարող եմ նշել, որ այս ամենի թիկունքում կանգնած է ոչ միայն Սահակ Մինասյանը, այլ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Հենց ինքն է հովանավորում Սահակ Մինասյանին, հենց ինքն է խորհուրդներ տալիս։

Վերջին իրադարձություններին, որոնք կապված էին փետրվարի 12-ին բուհում տեղի ունեցող ամբիոնների վարիչների և դեկանների՝ կանոնադրության կոպտագույն խախտումներով տեղ ունեցած ընտրությունների հետ, գրեթե նույնատիպ արձագանք են տվել և՛ Սահակ Մինասյանը, և՛ կրթության նախարար Լևոն Մկրտչյանը։ Ես կարող եմ բացահայտ նշել, որ այս ամենի հեղինակը Լևոն Մկրտչյանն է։

Զավեշտալին այն է, որ երեկ Շիրակի պետական համալսարան էին այցելել Ազգային ժողովի կրթության և գիտության հանձնաժողովի հինգ հոգանոց պատվիրակությունը ՝ նախագահ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ։ Վարդան Բոստանջյանը, տեղի ԶԼՄ-ներին հարցազրույց տալով, բացահայտ նշել է, որ մեր կողմից մատնանշված գրեթե բոլոր խախտումներն ապացուցված են և նաև հայտարարել են իմ և Խորիկյան Հովհաննեսի հետ ԱԺ-ում հանդիպելու մասին։

Երեկ Սահակ Մինասյանը Գյումրիում չգտնվելու պատրվակով, իրականում ինքը փախել էր, որպեսզի չհանդիպեր Վարդան Բոստանջյանի պատվիրակության հետ, չեկավ հանդիպման, այսօր առավոտյան հայտնվեց բուհում ու այսպիսի որոշում ընդունեց։ Պարոն Մինասյանն այս ամբողջ մեղքը բարդելու է գիտխորհրդի վրա, ինքն արդեն իսկ բարդել է․ մեզ ներկայացրած որոշման մեջ բացահայտ նշում է, որ այս ամենի հեղինակը գիտխորհուրդն է, և գիտխորհուրդի կողմից ձևավորված էթիկայի հանձնաժողովը։ Մենք Վարդան Բոստանջյանի հանձնախմբին ապացույցներ ենք ներկայացրել, որ բուհի գիտխորհուրդն ապօրինի է ձևավորված և չի համապատասխանում բուհի կանոնադրության կետերին։ Եվ մեխանիկորեն այդ գիտխորհրդի կողմից ընդունված բոլոր որոշումները պետք է բեկանվեին։

Այս որոշմամբ պարոն Մինասյանը չեղարկեց Լևոն Մկրտչյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից արտահայտած այն միտքը, որ շուտով Շիրակի պետական համալսարանում պետք է տեղի ունենա հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստ, որին պետք է քննարկվի այս հարցը և պետք է լուծում տան այս հարցին։ Երևի պարոն Լևոն Մկրտչյանի լուծումը հենց սա էր, և իրենք մտածում են իրենք մարսելու են։ Ես իրենց՝ և՛ Լևոն Մկրտչյանի, և՛ Սահակ Մինասյանի համար շատ վատ անակնկալ եմ պատրաստել»։

Գագիկ Համբարյանն ասաց, որ իրենք համապատասխան ապացույցներով և ձայնագրություններով կդիմեն Հատուկ Քննչական կոմիտե՝ մեղադրելով Սահակ Մինասյանին գրադարանի գրքերի ոչնչացման մեջ։ «Լևոն Մկրտչյանին էլ ես ինքս կմեղադրեմ Շիրակի համալսարանին կեղծ լիցենզիաներ տրամադրելու համար, որովհետև Շիրակի պետական համալսարանն իրավունք չունի տրամադրելու քաղաքագիտություն, սոցիոլոգիա, իրավագիտություն մասնագիտությունները, քանի որ համալսարանը չունի համապատասխան քանակությամբ պաշտպանած գիտթեկնածու դասախոսներ, որոնց առկայությունը լիցենզիայում նշված համապատասխան կետում պարտադիր է։ Հարց է առաջանում՝ ինչի՞ դիմաց է Լևոն Մկրտչյանն այդ լիցենզիաները տրամադրել Սահակ Մինասյանին։

Մենք կդիմենք ՀՔԾ Սահակ Մինասյանի ու Լևոն Մկրտչյանի հանցագործությունները բացահայտելու համար, թեև հանցագործությունները բացահայտված են, ակնառու է ամեն ինչ, քանի որ իրենք այս իրավիճակը սրեցին, ու այս իրավիճակը ստեղծվեց, մենք այլ տարբերակ չունենք։ Ես հարյուրավոր զանգեր եմ ստանում, մարդիկ ասում են, որ սա նախագահին ու վարչապետին ուղղված ձեր նամակի պատասխանն էր մեր իշխանությունների կողմից։ Իշխանությունները բացահայտ նշեցին, որ իրենք կհամագործակցեն հանցագործ, անօրինականություններ և անօրինություններ գործող ռեկտորի հետ, որը Շիրակում հայտնի է իր վատ համբավով՝ 20 տարի ղեկավարելով հանրակրթական ոլորտը։ Իսկ այս 1,5 տարվա ընթացքում քարուքանդ արեց Շիրակի պետական համալսարանը՝ փոշիացնելով և թալանի ենթարկելով 500 միլիոնանոց բյուջեն, որը Սահակ Մինասյանին թողել էր նախկին ռեկտորը և որի մասին հենց նախկին ռեկտորը բարձրաձայնեց »,- ասում է Գագիկ Համբարյանը։

Նա ասաց, որ իրենց իրավունքների վերականգման համար կդիմեն դատարան։ Ի դեպ, Գագիկ Համբարյանին այսօր աշխատանքից ազատել են 6 ժամ դաս պարապելուց հետո, հենց դասերն ավարտվել են, ազատման որոշումը բերել ու ձեռքն են տվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031