Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Վարչապետի, կառավարության որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ մրցութային հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հետ միասին Նախագահին ներկայացվել են մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան նոր համակարգի առավելությունները, նոր կենսաչափական անձնագրի առանձնահատկությունները, պարտադիր կենսաչափական անձնագրերին սահուն անցումն ապահովելու նպատակով նախատեսվող աշխատանքները և համակարգի ներդրման գործընթացին վերաբերող այլ հարցեր:
Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը զեկուցել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին համապատասխան նոր կենսաչափական անձնագրերին և նույնականացման քարտերին ներկայացվող տեխնիկական պահանջների հիմնական դրույթների, ինչպես նաև կոնցեսիոն պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների, իրավունքների և մրցութային գործընթացի կազմակերպման ժամանակացույցի մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ