Ինչպես հայտնի է` Եվրամիությունը պատրաստվում է մեկ միլիոն եվրոյի ներդրում կատարել Ամասիայում բրդի վերամշակման ոլորտում։ Ըստ այդ ծրագրի, հիմնվելու է արտադրամաս, որտեղ բրդից թելեր են ստանալու, Ամասիայի միավորված 10 գյուղերում էլ զարգացնելու են գորգագործությունը։ Շիրակի մարզպետարանի ֆեսբուքյան պաշտոնական էջի տեղեկատվության համաձայն, ծրագրի ֆինանսավորումը կազմում է 350 հազար եվրո, որից 100 հազարը կծախսվի բրդի վերամշակման սարքավորումներ ձեռք բերելու համար։ Իսկ սարքավորումները հիմնականում ներկրվելու են Իտալիայից և Չինաստանից, իհարկե, կօգտագործեն նաև տեղական արտադրության որոշ սարքավորումներ:
Aravot.am-ը Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանից հետաքրքրվեց, թե այս ծրագրի իրականություն դառնալու դեպքում քանի՞ աշխատատեղ է ստեղծվում, կա՞ն հույսեր, որ որոշ չափով կկանխվի բնակիչների արտագաղթը Շիրակի մարզի հյուսիսային այս տարածաշրջանից։
Գյուղապետը տեղեկացրեց, որ մոտ 40 աշխատատեղ կստեղծվի, թելը ստանալուց հետո 70 տոկոսը կտրվի տեքստիլ արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին, օրինակ՝ «Լենտեքսին», 30 տոկոսն էլ կմնա համայնքին, կտան գյուղերի բնակիչներին տնայնագործությամբ զբաղվելու, ասենք գուլպաներ գործելու ու գորգագործությունը զարգացնելու համար։ Թելերը, ի դեպ, կներկեն բույսերով։
Ըստ գյուղապետի,Ամասիայում կբացվի նաև ցուցադրական սրահ՝ զբոսաշրջիկների համար, որպեսզի գան, տեղում տեսնեն, թե ինչպես են զբաղվում կարպետագործությամբ։
«Բուրդը թափվում է, ոչխարաբուծությունը դառնում է ոչ եկամտաբեր, եթե բուրդը գոնե ընդունվի, որոշ չափով զբաղվածության խնդիր կլուծվի, արտագաղթը կկրճատվի, եթե մարդիկ իմանան, որ կա պահանջարկ, բուրդը նորմալ գներով ընդունվում է, ոչխարների քանակն էլ կավելացնեն։ Ծրագրում առանձին հատված կա գյուղնախարարության հետ ոչխարի ցեղը բարելավելու վերաբերյալ»,- ասաց Ջեմմա Հարությունյանը։
Շիրակի մարզպետարանի տարածած տեղեկատվության մեջ էլ նշվում է․ «Բրդագործության այս ձեռնարկը իրականացվելու է Ամասիայում, քանի որ միայն Ամասիան ունի բալբաս ցեղատեսակի ոչխարի բուծման մեծ հնարավորություններ, ներկայումս ունի շուրջ տաս հազար գլուխ ոչխար»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հե՜յ, վարչապետ, ականջդ կանչի. չէ որ սա համայնքային լուրջ ծրագիր է՝ հրահանգիր, որ օժանդակեն և ոչ թե խանգարեն…