Այսօր Կովկասի ինստիտուտի կազմակերպած ԼՂ հակամարտության խնդրի թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:Նա բանախոսներին հարցրեց. «Միգուցե Մինսկի խումբը ուրիշ մոտեցում որդեգրի, որ վստահության մեխանիզմներ լինեն, միգուցե մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես նպաստենք կողմերի վրա, որ նրանք նստեն նույն սեղանի շուրջ եւ ինչպես հասնենք դրան, որ հանրությունը պահանջի կառավարությանը՝ օգնել նրանց՝ խաղաղության հասնելու համար: Հյուսիսային Իռլանդիայում այդ դերը խաղաց ռեսուրսների, ֆինանսական օգնության խոստումը, միգուցե մենք հայտարարենք, թե ինչ օգնություն կստանան, եթե նստեն մի սեղանի շուրջ»:
Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը պատասխանեց. «Դա չպետք է կախված լինի հասարակություններից կամ ղեկավարություններից: Մինսկի խումբը հակամարտության մենեջմենթի խումբ է, այն պետք է համապատասխանի պահանջների… Դուք, իհարկե, առաջարկում եք եւ գազարը, եւ փայտիկը: Երբ մենք խոսում ենք ճնշման մասին երկու մայրաքաղաքների վրա, չեմ կարծում, որ որեւէ մեկը տվյալ պահին խաղաղության ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում, եթե ընդհանուր հանրությունը չի հոգում հակամարտության մասին, իսկ մենք ինչո՞ւ պետք է հոգանք: Միաժամանակ, եթե երկու կողմերից էլ ավելի մեծ հետաքրքրվածություն դրսեւորվի խաղաղության մեջ, ապա միջազգային հանրության արձագանքը շատ ավելի լավ կլիներ»:
Ավելի ուշ Թոմաս դե Վաալը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին: Փորձագետից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ Ադրբեջանում եւ Հայաստանում փոխում են Սահմանադրությունը՝ երկրի իշխանությունների վերարտադրողականությունն ապահովելու համար: Դե Վաալը պատասխանեց, որ երբ փոխվում է երկրի ղեկավարությունը, դա ազդում է երկրի տնտեսական աճի վրա: Իսկ ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից դրա լավն այն է, որ երկու երկրների ղեկավարները իրար ճանաչում են եւ նրանց կողմից անակնկալներ չեն լինում, չնայած, խաղաղությամբ էլ հարցը չի կարգավորվում:
Մոտ 5 տարի առաջ Թոմաս դե Վաալը ասել էր, որ թե՛ հայ, թե՛ ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն փոխզիջումների: Լրագրողները հետաքրքրվեցին՝ նույն կարծիքի՞ն եք մնացել: Թոմաս դե Վաալը պատասխանեց, որ չի փոխել իր կարծիքը՝ այսօր էլ երկու հասարակությունն էլ պատրաստ չի երկխոսության, ավելին՝ 2016-ի ապրիլը նրանց այս հարցում ավելի հետ գցեց, տարածաշրջանում վախի մթնոլորտ ստեղծվեց: Մյուս կողմից էլ փորձագետը գտնում է, որ հետագայում հայերն ու ադրբեջանցիները կարող են միասին ապրել, ժամանակին ապրել են, ապագայում էլ կկարողանան: Համենայնդեպս, մասնավոր զրույցներից այդպիսի տպավորություն է ստացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ