Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյան համայնքի ղեկավար. «Մեր սարերն ու անտառները մեզ համար շատ թանկ են»

Մարտ 15,2018 16:51

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում է 2018-2021 թթ. իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Նախատեսվող գործունեության նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի եւ տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարների վերհանումն է:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում հայտարարվել է 2018 թ. մարտի 20-ին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի շենքում «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելու մասին: Հանրային քննարկումը համատեղ իրականացնելու էին «Պոլիմետալ Արմենիան» եւ նախատեսվող գործունեության իրականացման տարածքների համայնքների ղեկավարները:

Համացանցում գործում է «Դեմ ենք Նոյեմբերյան համայնքում ընդերքօգտագործման նպատակով բոլոր տեսակի հետազոտություններին» նախաձեռնությունը, որը Նոյեմբերյանի տարածքում ընդերքօգտագործման նպատակով հետազոտությունները կանխելու խնդրանքով դիմել է Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին:

Խնդրագրում ասվում է. «Մենք` նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»: Այդ նախաձեռնությանը միանալու համար համացանցի change.org էջում մարտի 12-ից ստորագրահավաք է ընթանում:

Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն իր անձնական կարծիքը հայտնելով՝ մեզ ասաց, որ Նոյեմբերյանի սարերն ու անտառներն իրենց համար շատ թանկ են, Նոյեմբերյանում առավել զարգացած է գյուղատնտեսությունը, նպատակ կա տարածքում զբոսաշրջությունը զարգացնելու, դա իր նախընտրական ծրագրի մեջ նշված է: Նա ասաց, որ ինքը որպես համայնքի ղեկավար ցանկացած հարցով ժողովրդի կողքին է:

Կ. Աբազյանը հայտնեց, որ «Պոլիմետալ Արմենիան» երկրաբանահետախուզական աշխատանքներ է նախատեսում 180 քառակուսի կիլոմետր տարածքում, որից 43 քառակուսի կիլոմետրը Նոյեմբերյան համայնքի, 26 քառակուսի կիլոմետրը Կողբ համայնքի տարածքն է, մնացածը`մեծ մասը, Ալավերդի եւ Շնող համայնքների տարածքն է:

Այսօր`մարտի 15-ին hetq.am կայքը հրապարակել է. «Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Ընկերությունը տեղեկացնում է, որ որոշմանը նախորդել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031