Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց

Մարտ 15,2018 16:35

Կաշառք պահանջելու եւ  ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր իր դեմ հարուցված քրեական գործով կրկին դատարան չէր ներկայացել:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը դեռ մի քանի նիստ առաջ դիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով նիստերը առժամանակ հետաձգել, մինչեւ ինքը կապաքինվի, վատառողջ  է ու չի կարող ներկայանալ նիստերին:  Դատարանը մի քանի անգամ արդեն հետաձգել է նիստը:

Այսօր մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը հայտարարեց՝ Իշխան Բարսեղյանը միտումնավոր ցանկանում  է ձգձգել դատաքննությունը.

«Դատապարտյալների հիվանդանոցից մենք տեղեկություն ենք ստացել, որ Իշխան Բարսեղյանը կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել եւ միտում եմ տեսնում Իշխան Բարսեղյանի կողմից, որ դատաքննությունը ձգձգվի»:

Դատավոր Վաչե Մարգարյանն էլ  հայտարարեց, որ արդեն տեւական ժամանակ Իշխան Բարսեղյանի չներկայանալով խաթարվում է դատաքննության բնականոն ընթացքը, եւ ինքը Իշխան Բարսեղյանի նկատմամբ դատական սանկցիա է կիրառում նկատողության տեսքով, հետագայում նման կերպ շարունակվելու դեպքում ավելի խիստ դատական սանկցիա կկիրառվի:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 22-ին:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031