Այսօր Հայաստանի Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը պատասխանելով հարցին, թե նոր ռուսական ավիաընկերության մուտք է նախատեսվում հայկական ավիացիոն շուկա, արդյոք մենաշնորհ չե՞ն առաջացնում ռուսական ընկերությունները, ասաց, որ մենաշնորհի մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ այն կազդի մրցակցության վրա: Ըստ նրա, ռուսական շուկան մեզանում պահանջված է. «Մենաշնորհ նշանակում է մեկ տնտեսվարող, տվյալ դեպքում մենք ունենք շատ տնտեսվարողներ եւ միայն Մոսկվայի ուղղությամբ մենք օրական ունենում ենք մինչեւ 15 չվերթ: Նոր ավիաընկերություն է, որն ամենօրյա ռեժիմով չվերթներ է իրականացնելու դեպի Ռուսաստան, ինչը եւս դրական է անդրադառնալու մրցակցության վրա»,-նշեց նա:
Պարոն Ավետիսյանը ներկայացրեց կառավարության այսօրվա որոշման մանրամասները, համաձայն որի՝ «Հայաէրոնավիգացիա» եւ «Զվարթնոց աէրոօդերեւութաբանական» ընկերությունները միացման ձեւով վերակազմակերպվեցին: Ըստ պարոն Ավետիսյանի, նոր կառույցը ծառայություններ կմատուցի մեկ պատուհանի սկզբունքով` ամբողջական փաթեթով, ինչի արդյունքում տնտեսվարողները ամեն օդանավի թռիչք-վայրէջքից 30 հազար դրամ կխնայեն:
Խնայողությունները կազդե՞ն տոմսի արժեքի վրա, դրանք կէժանանա՞ն հարցին պարոն Ավետիսյանը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, անուղղակի ձեւով կանդրադառնա տոմսի գնի վրա, քանի որ ցանկացած փոփոխություն անդրադառնում է տոմսի արժեքի վրա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ