Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես կլուծվի ԼՂ հարցը, եթե ՌԴ-ն դուրս գա տարածաշրջանից. Միջազգային փորձագետը՝ ՌԴ դերի մասին

Մարտ 15,2018 15:46

Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը այսօր Կովկասյան ինստիտուտի կազմակերպած «ԼՂ-ում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ զեկույցով հանդես եկավ: Նա ասաց, որ շատ երկրներ ուզում են հակամարտությունը լուծվի՝ բայց իրենց համար հնարավորինս լավ գնով: Նա նշեց, որ ԼՂ խնդիրը աշխարհաքաղաքական է եւ հիմնական դերակատարություն հակամարտությունում ունի ՌԴ-ն:

Վաալն ասաց, որ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակը փակվեց եւ մենք ունենք երեք ոտքանի աթոռ: Առաջին ոտքը համանախագահներն են, սակայն նրանց ուժը բավական չէ, որ չենթարկվեն Ադրբեջանի ճնշմանը, երկրորդը մոնիտորինգի պատվիրակությունն է, սակայն նույնիսկ նրանք մանդատի մեջ չեն նշում Ղարաբաղ բառը: Երրորդը բարձրաստիճան պլանավորման խումբն է, որի նպատակը պետք է լինի խաղաղության կառուցումը. «Խոսել այս հակամարտության լուծումների մասին՝ առանց Ղարաբաղի անվտանգությանն անդրադառնալու՝ մենք տուն ենք կառուցում՝ առանց հատակի: Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր տարր է՝ հակամարտության միջազգային համատեքստի համար»:

Թոմաս դե Վաալը մի հին իռլանդական անեկդոտ պատմեց՝ «Մի  մարդ արեւմտյան Իռլանդիա անցնում է Իռլանդիայով, մի փոքր ճանապարհի վրա մի գյուղացու է կանգնեցնում եւ հարցնում՝ ոնց եք հասնում այստեղից Դուբլին, գյուղացին մտածում է եւ ասում՝ գիտես, ես այստեղից չէի սկսի: Ցավոք սրտի, նա պիտի՛ սկսի այդտեղից եւ այնպիսի իրավիճակում, որում մենք ենք գտնվում, մենք պետք է մի տեղից սկսենք, մենք պետք է հասկանանք, թե ինչ է  մեզ պակասում հակամարտության լուծման համար, իսկ լիքը բան է պակասում: Իհարկե, երկխոսությունը պետք է սկսվի, մարդիկ չպետք է միանգամից հասկանան, որ այն տեղի է ունենում, բայց բավականաչափ բարձրաստիճան պաշտոնյաների հետ եմ խոսել ու հասկացել, որ դա անհրաժեշտ է: Այն, ինչ պակասում է այս հակամարտության մեջ՝ այն է, որ միջազգային դերակատարները համապատասխան դեր չունեն, նրանց պետք է տրվի այդպիսի դեր: Տպավորություն է, որ Մոսկվան չի թողնում, որ նրանք այդպիսի դեր ունենան, դրանցից մեկն է Իրանի դերը, օրինակ: Իրանը միակ երկիրն է միջազգային դեր ունեցող, որն ունի սահման այս հակամարտության հետ եւ տնտեսական շահերն էլ կարող են նպաստել լուծմանը: Իհարկե, Վրաստանը նույնպես դերակատար է, բայց շատ թույլ երկիր էր 90-ականներին, Վրաստանն ունի շատ լավ հարաբերութուններ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ: Վրաստանն այն երկիրն է, որը շատ է տուժում, եթե հակամարտությունը սրվում է: Վրաստանին կարելի է հրավիրել հանդիպումներին սահմանի վրա: Սահմանի վրա հանդիպումները առայժմ թշնամական են»:

Նա նշեց, որ եվրոպական հանրությունը միջազգային մեծ փորձ ունի, թե ինչպես հետհակամարտային հիմք ստեղծել եւ շփման մեջ լինել երկու երկրների հետ. «Մինսկի խմբի երեք համանախագահները դուրս գան, որպես խաղաղության ընթացքի երաշխավոր»:

Թոմաս դե Վաալը խոսեց ղարաբաղյան հակամարտությունում ՌԴ-ի դերակատարման մասին:

Քննարկման մասնակիցներից մեկը, որը ներկայացավ Սամվել Մանուկյան անունով, հարցրեց՝ անհավանական է, բայց ենթադրենք ՌԴ-ն հեռացավ տարածաշրջանից, խնդրում եմ նկարագրեք ամենահավանական սցենարը, թե հետո ինչ կլինի ԼՂ-ում:

Թոմաս դե Վաալը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը, որպես  երկրներ կփոխվեն, նրանք կզարգանան որոշ չափով ուրիշ ուղղությամբ՝ էլ չնայելով ՌԴ-ին, բայց ես չեմ կարծում, որ ղարաբաղյան հակամարտության դինամիկան կփոխվի: ՌԴ-ն պահպանում է որոշակի հավասարակշռություն: Եթե ՌԴ-ն դուրս գա, դա չի փոխի այս հավասարակշռությունը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Դա մի բան կնշանակի ՀՀ-ի եւ Ադրբեջանի հասարակության համար, բայց ոչ հակամարտության: Ես 25  տարի է՝ ուսումնասիրում եմ այս հակամարտությունը, մենք ավելի ու ավելի քիչ Ռուսաստան ենք տեսնում այս տարածաշրջանում, ավելի քիչ քննարկում ենք տեսնում ՌԴ-ի մասին, ավելի շատ դերակատարներ ենք տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031