Քանի որ դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները երեկ դադարեցվել են, «Սասնա ծռերից» մի մասի դատական գործի քննությունը նորից է սկսվելու: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» փաստաբաններից Գրիշա Բալասանյանը: «Ըստ օրենքի՝ եթե դատարանը փոխվում է, գործի քննությունը սկսվում է նորից»,-հայտնեց նա:
«Խնդիրն այն է, որ գործի քննության ողջամիտ ժամկետների հետ կապված դժգոհություն է առաջանալու, քանի որ մեր պաշտպանյալներն արդեն մեկ տարուց ավելի՝ անազատության մեջ են: Մենք պարբերաբար դատարանին միջնորդում էինք նրանց խափանման միջոց կալանքը փոխել, բայց դա տեղի չունեցավ: Հիմա էլ պարզվում է, որ դատավորն է փոխվում: Այսինքն, այս նախորդ ամիսներին իրականացված բոլոր քայլերը նորից են արվելու»,-նկատեց Գրիշա Բալասանյանը:
Մեր զրուցակիցը նշեց՝ երբ նոր դատավոր ներգրավվի, նա դեռ պետք է ծանոթանա գործի նյութերին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Օհանյանի վարույթում քննված գործով նիստից