Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում ընտրվեց այն պատանի ֆուտբոլիստը, որը Մոսկվայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Հայաստանը կներկայացնի «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային ծրագրի շրջանակներում:
Ծրագրի հայաստանյան համակարգող Հրաչյա Ղամբարյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը նշեց, որ Հայաստանն այս ծրագրին մասնակցում է արդեն վեցերորդ անգամ: «Քանի որ ծրագրին մասնակցում է ՀՖՖ-ն, ուստի պատանի ֆուտբոլիստի ընտրությունն անցկացվում է Ֆուտբոլի ակադեմիայի թիմերում առկա 12 տարեկան հարձակվողներից: Տարիքային սահմանափակումը կազմակերպիչներինն է:
Այս տարի ծրագրին մասնակցում է 211 երկիր, որոնք պետք է ներկայացնեն մեկական պատանի ֆուտբոլիստ: Նրանցից կազմվելու է 32 թիմ: Վիճակահանությամբ ՀՖՖ-ին բաժին է հասել հարձակվողական դիրքի մեկ խաղացող: Ուստի այսօր հրավիրել ենք 18 երեխայի: Ընդ որում, չափորոշիչների մեջ մտնում է ոչ միայն պատանու ֆուտբոլային որակները, այլեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուներին թեկուզ ինչ-որ չափով տիրապետելը, քանի որ նա այնտեղ շփվելու է տարբեր երկրների իր հասակակիցների հետ:
Մրցույթի ընթացքում նախ ֆուտբոլային չափորոշիչներով ընտրվեց վեց պատանի, այնուհետեւ ստուգվեց նրանց լեզուների իմացության աստիճանը, որից հետո որոշվեց, որ Մոսկվա կմեկնի Ֆուտբոլի ակադեմիայի սան Էրիկ Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ