ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանում կատարված առանձնապես խոշոր չափերի՝ 34 հազար ԱՄՆ դոլարի գողությունը. գողոնը հայտնաբերվել է, և որպես կասկածյալ է ներգրավվել բնակչուհու քրոջ փեսան, ով ՀՀ ԱԻՆ-ի աշխատակից է` թիվ 2 փրկարարական ջոկատի ավագ հրշեջ:
2018թ. մարտի 14-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևանի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր տնից գողացել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 34.000 ԱՄՆ դոլար և 65.000 ՀՀ դրամ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներից և հերթապահ քննիչից կազմված քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն. տան մուտքի դռան և ճաղավանդակներով պատուհաններին վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տունն ամբողջովին եղել է տակնուվրա արված:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 1.1 կետի հատկանիշներով, մշակվել է քննչական պլան։
Համատեղ ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է և փաստական տվյալներ ձեռք բերվել, որ կատարված գողությանն անմիջական մասնակցություն է ունեցել տուժողի քրոջ փեսան՝ ծնված 1987թ.:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհին դեպքի օրն իր բարեկամների՝ այդ թվում նաև քրոջ փեսայի հետ, վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել է գերեզմանատուն, այցելել հարազատի շիրիմին, ապա՝ մեկ այլ ազգականի տուն, որտեղ գտնվել են շուրջ երկու ժամ։ Փեսան տաքսի վարելու պատրվակով այդ ընթացքում բացակայել է տնից. քրեական գործի տվյալներով՝ տղամարդը նախապես իմացել է, որ իր կնոջ մորաքրոջ տանը գումար կա, իսկ տան դուռն էլ բաց է մնացել:
30-ամյա տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Գողոնն ամբողջովին հայտնաբերվել է:
Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ է, ուստի՝ քրեական գործը քննչական ենթակայության կարգով կուղարկվի դատախազություն՝ ՀՔԾ վարույթ փոխանցելու հարցը լուծելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե