«Ճիշտ է, որ հարկադիր աշխատողն իր վատ աշխատանքի համար հենց ինքը փոխհատուցում տա ու պետության համար ծանրաբեռնվածություն չլինի: Բայց փոխհատուցման չափը չհստակեցնելով` ծառայությանը խնդրի առաջ կկանգնեցնեք։ Պետք է նշվի, որ չափը չի կարող գերազանցել ԴԱՀԿ նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների 30 տոկոսը», – այս կարծիքին է ԴԱՀԿ նախկին պետ, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը:
Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվում էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Միհրան Պողոսյանը տեղին չի համարում, որ հարկադիր ծառայողի վարչարարությամբ պատճառված վնասը փոխհատուցվի միայն ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, ինչպես առաջարկում է կառավարությունը։ Իսկ կառավարությունն այդ առաջարկն արել է`բյուջեի բեռը թեթեւացնելու համար:
Միհրան Պողոսյանը նաեւ նկատում է` եթե տուգանքն ամբողջությամբ հատկացվի միայն ծառայության բյուջեից, ապա ծառայությունն օրենքով սահմանված իր իրավունքները կյանքի կոչել չի կարողանա, քանի որ այդ բյուջեի 65 տոկոսն իրականացվում է արտաբյուջեի հաշվին: Իսկ պետությունը քիչ գումար է հատկացնում, ուստի փոխհատուցման չափի սահմանափակումներ պետք է նշել:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվեց`լրամշակումներ կատարելու եւ ամբողջական տեսքով նախագիծ բերելու համար:
Գեւորգ Կոստանյանը նաեւ կարծիք հայտնեց, որ արտաբյուջետային ֆոնդ ունենալը պետք է պատճառաբանված լինի։ Ինքը պատրաստվում է բարձրացնել արտաբյուջետային հաշիվների անհրաժեշտության եւ հիմնավորումների հետ կապված հարցեր։ ԴԱՀԿ-ի մասով Միհրան Պողոսյանը հակադարձեց. «ԴԱՀԿ-ն սպեցիֆիկ է։ Երբեք չես կարող իմանալ, թե որքան գործ կլինի: Դրա հետեւանքով է արտաբյուջեն ձեւավորվում։ Պետությունը չի կարող պլանավորել, թե որքան գործ, վարույթ կհարուցվի ծառայությունում։ Սրանով է պայմանավորված արտաբյուջեի խստագույնս անհրաժեշտությունը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ