Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոնֆլիկտը հրահրողը ՌԴ-ն է, ՌԴ-ն թող հեռանա». ԼՂ հարցի միջազգային քննարկմանը այս կոչն արժանացավ ծափերի

Մարտ 15,2018 14:37

Այսօր Կովկասյան ինստիտուտը «ԼՂ-ում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել:

Բանախոսներից մեկը Օքսֆորդի համալսարանի Լեսթեր Բ. Փիրսոն միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Սբ Աննայի քոլեջի գիտաշխատող Նիլ Մաքֆարլեյնը համեմատեց ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանում այլ կոնֆլիկտների հետ: Նա ասաց, որ ԼՂ հարցի լուծման համար պետք է վերլուծել պատճառները եւ հասկանալ, թե ինչու ենք այսքան ժամանակ այս կասեցման ձեւական փուլում գտնվում:

Նա հայտարարեց՝ ըստ էության, ՌԴ-ն սադրեց այս հակամարտությունները եւ այսօր հանգիստ պահպանում է դրա գոյությունը: Իսկ միջազգային հանրությունում գերակա չէ այս հակամարտությունները լուծելը: Միջոցներ չեն հատկացվում դրա համար:

Իսկ թե ինչու տարածաշրջանում հակամարտություններ եղան, ըստ նրա, պետական կառույցները թույլ էին ԽՍՀՄ-ից հետո եւ դա նվազեցրեց հակամարտությունների ինստիտուցիոնալ զսպման ուժը եւ թույլ տվեց, որ ջրերը եռան: Եթե վերցնենք հակամարտությունների այս մեկնաբանությունը ամփոփենք, երկու խումբ կա՝ հիմնական պատճառները ներպետական են, ներքին են, երկրորդը՝ արտաքին ինչ-որ գործոններ կան հասարակությունների համար: Եվ ներքին եւ միջազգային պատճառներ կարող են լինել հակամարտության. «Ադրբեջանցիները կարծում են, որ Ղարաբաղն իրենց է պատկանում, Հարավային Օսեթիայում էլ է այդպես, նույնը՝ Մոլդովայում, Ուկրաինայում եւ Ղրիմում: Հասարակությունները, կոմունիզմից դուրս գալով՝ վեճերի խաղաղ լուծման քիչ փորձ ունեին, քիչ փորձ են ունեցել քաղաքական լուծումների, ավելի շատ բռնության փորձ են ունեցել, բռնի լուծումների փորձ: Միջազգային գործոնների մասին ասեմ, որ այն ժամանակ ԽՍՀՄ-ը մեկուսացված էր, տնտեսապես անջատված, մասնակից չէր միջազգային կառույցներին, բարդ էր միջազգային կառույցների համար սկսել զբաղվել խնդիրներով, որ ծագում էր այդ տարածաշրջանում: Չնայած ՌԴ-ի փլուզմանը, այն տարածաշրջանի գերակա ուժն էր մնում: Ավելի ուշ ՌԴ-ն 92-ի վեջերին արագորեն հասկացավ, որ իր անմիջական հարեւանների տարածքում շահեր ունի եւ այդ շահերը սկսեց ձեւավորել…Ինչպես Ժիրինովսկին էր ասում՝ ԽՍՀՄ-ը եթե փլուզվել է, դա դեռ չի նշանակում, որ ՌԴ-ն մոռացել է կայսրության մասին, իսկ կայսրությունը դուք բոլորդ եք եւ իմ ասած տարածքները»:

Փորձագետն ասաց, որ խնդրի լուծմանը խանգարող մի շարք հանգամանքներ կան, դրանցից է, օրինակ, «ազգայնական ինտենսիվությունը», պատմական հիշողության ուժգնությունը. «90-ականներին հիշում եմ, երբ խոսում էինք ԼՂՀ մասին, մարդիկ եթե չէին սկսում 15-ից, չէր լինում խոսակցությունը: Երկու կողմերը հիշում էին անկախության առաջին շրջանը, Բաքվում երկուստեք ջարդերը, 18-20թթ. կռիվները, երկու կողմերում դրանք չէին մոռացվել: Հաջորդ գործոնը, որ դեր է խաղում՝ ինքնավար մարզերի ժառանգությունն է երկրի ներսում՝ սեփական ինքնություն ունեին, որը ժառանգվեց ԽՍՀՄ փլուզումից հետո: Հաջորդ գործոնը ազգային առաջնորդների որակն էր պետություններում»:

Նա խոսեց նաեւ «Ոչ մի թիզ հող» թեզի մասին՝ ասելով, որ երկու կողմերը եղածը բաժանելի չեն համարում, հետեւաբար բանակցելու հիմք չկա: Նիլ Մաքֆարլեյնը Յակովլեւի նամակը հիշեց՝ ուղղված Գորբաչովին, որտեղ նա նշել էր, որ այդ հակամարտությունով չպետք է զբաղվենք, «մենք գիտենք մաթեմատիկայից, որ որոշ մաթեմատիկական խնդիրներ լուծում չունեն եւ սա դրանցից մեկն է»: Փորձագետն ասաց. «Անձամբ ես անբաժանելիության սկզբունքը պրոբլեմատիկ եմ համարում, ինչու են մարդիկ կարծում, որ ինչ-որ բան անբաժանելի է, որովհետեւ նրանք սովոր են այդպես մտածել: Դա մտային ընկալում է, իսկ մեկնաբանությունները փոխվում են: Մարդիկ մտածում էին, որ Հյուսիսային Իռլանդիան անբաժանելի էր, 15-20 տարի անցավ՝ բավականին շատ բան փոխվեց մարդկանց մոտեցումներում: Մի բան, ինչ անսակարկելի է, կարող է բանակցելի դառնա, հավատացնում եմ»:

Անդրադառնալով ՌԴ-ի քաղաքականությանը ղարաբաղյան հարցի եւ առհասարակ տարածաշրջանում հակամարտությունների հետ կապված՝ Նիլ Մաքֆարլեյնն ասաց՝ «ՌԴ քաղաքականությունը նշանակալի գործոն է՝ փոփոխությունները կանխելու համար: ՌԴ-ն մեծ ազդեցություն ունի, ամրապնդում է իր դիրքերը: ՌԴ-ն Վրաստան ներխուժեց, վիճարկելի տարածքներից դուրս զգալի տարածքներ օկուպացրեց, ճանաչեց վիճարկելի երկու տարածքները՝ որպես անկախ պետություններ, ստորագրեց ռազմական, տնտեսական համագործակցության պայմանագրեր այս երկուսի հետ: Դիրքերի ամրապնդման փորձերը, պահանջատիրությունը ավելանում է նաեւ Ուկրաինայում, Ուկրաինայի Արեւելքում: ԼՂՀ պարագայում էլ երկու կողմերին զինելով՝ անվտանգության երկընտրանքի բարդացում է լինում: Ես վաղուց կասկածներ ունեի եւ շատ զարմացա, երբ տեսա, որ ռուս մի գիտնական նույն իմ կասկածների մասին խոսեց՝ հակամարտությունների շարունակականությունը օգտակար է ՌԴ-ի համար, ՌԴ-ն անկայուն իրավիճակները ավելի է ծառայեցնում իր շահերին, ներքին հակամարտությունների ներուժը հարմար է»:

Քննարկման մասնակիցներից մեկը, որը ներկայացավ Արայիկ Սարգսյան անունով, Նիլ Մաքֆարլեյնին ասաց. «Գորբաչով – Յակովլեւ քննարկման ժամանակ «կոնֆլիկտում հաղթողներ եւ պարտվողներ չպետք է լինեն» միտքն է եղել եւ ցավոք, այդ տրամաբանությունը շարունակում է Պուտինի ադմինիստրացիան: Կոնֆլիկտը ձեռնտու է ՌԴ-ին, իրոք, դա կարկանդակ է: ՌԴ-ն Ադրբեջանին մոտ 10 մլրդ-ի զենք է վաճառում, ռուսական բազան այստեղ է, երբեք ԼՂՀ անկախությունը ՌԴ-ն չի ճանաչի, եթե ուզեր՝ դա կաներ Օսեթիայի անկախության ճանաչմանը զուգընթաց: Ասում են՝ երբեք մի ասա երբեք, բայց այս դեպքում կարելի է ասել»:

Ուշագրավ է, որ քննարկման ժամանակ ՌԴ-ին ուղղված կոչեր հնչեցին, որ «կոնֆլիկտը հրահրողը ՌԴ-ն է, ՌԴ-ն թող հեռանա» եւ այս խոսքի վրա դահլիճում, որտեղ մի շարք երկրների դեսպաններ էին, հնչեցին ծափեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031