Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հերքել է ավելի վաղ մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ Մոսկվայում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն կա:
«Մոսկվայում գոյություն չունի Արցախի Հանրապետության ոչ մի ներկայացուցչություն: Նշված հաղորդագրություններում պարոն Անդրյանն իրականում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդականն է: Ամեն դեպքում նա Ռուսաստանի ԱԳՆ-ում հենց այդպես է հավատարմագրված»,- ասել է Զախարովան:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն կատարած այցին, և թե որքանով է հնարավոր նման այցը նաև Ռուսաստան, Զախարովան ասել է, որ այդ հարցը պետք է ուղղել ԱՄՆ-ին, քանի որ որևէ անձի մի տարածաշրջանից մյուսը տեղաշարժվելը իրենց չի վերաբերում:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ինձ ոչինչ հայտնի չէ նման հանդիպումների մասին, ես կարող եմ միայն ճշտել: Ես կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում մեր բոլոր հանձնառություններին՝ եղած պայմանավորվածությունների շրջանակում, և ակտիվորեն փորձում ենք նպաստել այդ շատ բարդ խնդրի՝ իսկապես բազմաձևաչափ կարգավորմանը»,- ասել է նա:
Ի պատասխան այն հարցի՝ արդյոք Թուրքիայի հետ քննարկվում է արցախյան կարգավորման հարցը՝ Զախարովան ասել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման քննարկվում է մի շարք մեր գործընկերների հետ, խոսքը և՛ համանախագահների, և՛ տարածաշրջանի երկրների մասին, դա բնական է, դա դիվանագիտական աշխատանքի մաս է կազմում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
https://www.youtube.com/watch?v=PBWqXZRLOvU