2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործով հերթական դատական նիստում այսօր կրկին վատացել էր ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը:
Նրա շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Նրա ճնշումը բարձրացել է ու հասել մինչեւ 230-ի: Հրաշքով սրտի կաթված չի ստացել»:
Տիգրան Հայրապետյանը պնդեց, որ Եղնուկյանի մասնակցությունն անհնար է, քանի որ ամեն անգամ նիստի բերվելիս նրա ինքնազգացողությունը վատանում է:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի հրահանգով նիստն ընդմիջվեց: Եղնուկյանի համար շտապօգնություն կանչվեց:
Նիստը վերսկսվելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը կողմերին տեղեկացրեց՝ ըստ բժիշկների արձանագրության՝ Կարո Եղնուկյանի ճնշումը բարձրացել է, իսկ ներարկումից հետո՝ կարգավորվել: Որոշ ժամանակ անց, սակայն, ճնշումը կրկին բարձրացել է:
Գաբրիելյանի փոխանցմամբ՝ նրան առաջարկել են հոսպիտալացվել, սակայն Եղնուկյանը հրաժարվել է, ավելին՝ չի ուզեցել լրացուցիչ ներարկում ընդունել:
Հաշվի առնելով այն փաստը, որ Եղնուկյանի առողջական վիճակի պատճառով նիստերը պարբերաբար ընդմիջվում են կամ հետաձգվում, դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ ի՞նչ լուրջ հիվանդությամբ է տառապում Կարո Եղնուկյանը եւ, ըստ այդմ, կարո՞ղ է մասնակցել նիստերին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ