Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նույնասեռականության դեմ ատելության կոչերի հայցի վերաբերյալ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղարկել Հայաստանին

Մարտ 15,2018 12:49

«Մինասյանը և այլք ընդդեմ Հայաստանի» հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) կոմունիկացվել է, և ՄԻԵԴ-ից հարցեր են հղել ՀՀ-ին:

Հիշեցնենք՝ հայցը վերաբերում է «Իրավունք» թերթի 2014 թ. մայիսին հրապարակած «Նրանք սպասարկում եմ միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը․ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածին: Գործը քննվում է կոնվենցիայի 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14-րդ (Խտրականության արգելում) և 17-րդ (Իրավունքների չարաշահման արգելում) հոդվածների խախտման մասով։ Հոդված 17-ն առաջին անգամ է կիրառվում ընդդեմ Հայաստանի։

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը պարզաբանեց, թե ինչու են դիմել ՄԻԵԴ ընդդեմ Հայաստանի. «Քանի որ չունենք ատելության կոչերի և խտրականության հետ կապված կարգավորման մեխանիզմներ, ընտրվեց այն տարբերակը, որ վիրավորանքի հայցով դիմենք ներպետական դատարան և ներկայացնենք խտրականության ու ատելության կոչերի հիմքը: Ներպետական դատարանը խտրականության, ատելության կոչերի մասով չանդրադարձավ, իսկ վիրավորանքի մասով մերժեց և հիմնավորեց, որ սա պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքով: Նույն դիրքորոշումը հաստատեցին նաև Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանները: Այժմ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է գործը և հարցեր հղել Հայաստանին»:

Նվարդ Փիլիպոսյանը շեշտեց՝ իրենց հիմնական փաստարկն այն է եղել, որ պետական մարմիններն ի դեմս դատարանի՝ արդարացրել են ատելության կոչերը, չարաշահվել է խոսքի ազատության իրավունքը՝ ի վնաս այն հիմնարար արժեքների, որոնք են մարդու արժանապատվությունը, հանդուրժողականությունը, որոնք ժողովրդավարական հասարակության հիմքն են. «Պետությունը չի իրականացնում իր պարտավորությունը և չի օգտագործում դատական, ներպետական գործընթացը, որ իր քաղաքացուն պաշտպանի ատելության կոչերից»:

Գործով տուժող Աննա Շահնազարյանը նշեց, թե գործ ունենք միտումնավոր հալածանքի հետ, երբ ոչ միայն ինքն է հալածում, պիտակավորում, թշնամացնում, այլև բռնության կոչեր են տարածվում. «Սա հասարակական վարքագիծ է՝ իրավունքը ոտնահարող: Այն հասարակությունները, որտեղ մարդիկ ցուցակագրվում են, տոտալիտար հասարակություններ են, և այնտեղ չեն կարող չլինել զանգվածային մակարդակի բռնություններ, ցեղասպանություններ: Նույնասեռականության հիմքով մարդկանց բռնության ենթարկելը պիտի այլևս դադարեցվի, և դա հետևողական պայքարի միջոցով է լինելու: ՄԻԵԴ-ում գործի քննությունը պայքարի մի մասն է»:

Աննա Շահնազարյանը նաև վստահեցրեց, որ մենք բավարար օրենսդրական հիմքեր ունեինք, որ պետությունը գոնե դրանց վրա հենվելով՝ ստեղծեր նախադեպեր և առաջ գնար:

Անդրադառնալով կոնվենցիայի 17-րդ հոդվածի՝ առաջին անգամ կիրառմանը՝ ընդդեմ Հայաստանի, փաստաբան Հասմիկ Պետրոսյանն ասաց. «ՄԻԵԴ դիրքորոշումը կարևոր նշանակություն ունի ԵԽ 47 երկրների համար: Ի տարբերություն մյուս բոլոր հոդվածների, որոնք առկա են Կոնվենցիայում, այն բավականաչափ զարգացած չէ այս պահի դրությամբ: Եվրոպական դատարանը շատ լայն դիրքորոշում չի արտահայտել դրա վերաբերյալ: Այն նախատեսում է, որ որևէ իրավունք չպետք է մեկնաբանվի այն կերպ, որ հանգեցնի այլ հիմնարար իրավունքների ոչնչացմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031