Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը (AZTV)։
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Խոջալուի դեպքերին, ղարաբաղյան հակամարտությանը և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
Խոջալուի մասին մասնավորապես ասել է.
«ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և բոլոր միջազգային կազմակերպությունները ընդունել են Հայաստանի կողմից իրականացված մեծ կոտորածը։ Ցանկացած պայմաններում մենք Ադրբեջանի կողքին ենք լինելու։ Ադրբեջանի ինքնիշխանության բոլոր իրավունքները պիտի ապահովվեն»։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ թուրքական կառավարության ղեկավարն ասել է.
«Կարգավորման գործընթացում պետք է ճնշում գործադրվի։ Ի վերջո, այդ սխալը պետք է շտկվի։ Կա Ադրբեջանի տարածքի օկուպացում։ Այս հարցը չի լուծվի, քանի դեռ մարդիկ չեն վերադարձել իրենց տներ։ Այնտեղ, որտեղ Ադրբեջանի համար կա սպառնալիք, մեզ համար էլ կա սպառնալիք»։
Աղբյուր` Trthaber