Օրերս հայկական հեռուստաալիքներից մեկով ուսուցիչները խոսում էին այն մասին, որ 2018 թվականին դպրոցների ֆինանսավորումը պակասել է։ Հետաքրքիր էր, որ խոսող ուսուցիչներից մեկին ցույց էին տալիս թիկունքից, մյուսի որովայնի հատվածն էին ցույց տալիս, երրորդի՝ ոտքերը։ Այսինքն՝ ուսուցիչները չէին ցանկանում, որ իրենց դեմքը եթերում երևա։
Սա մտահոգիչ է, քանի որ ուսուցիչները խոսում էին ոչ թե գաղտնի կամ անձնական ինչ-որ բանի մասին, ոչ էլ քրեական գործի մասին։ Նրանք խոսում էին մի խնդրի մասին, որը հուզում է կրթության ոլորտի բոլոր մարդկանց՝ ուսուցիչների աշխատանքի վարձատրության մասին։ Ինչո՞ւ են Հայաստանի ուսուցիչները խուսափում իրենց խնդիրների մասին բաց խոսել եթերում։
Ինչո՞ւ ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի ուսուցիչները շուրջ տասն օր գործադուլ արեցին, փողոց դուրս եկան և մի քանի օր առաջ կարողացան նահանգի իշխանություններից ստանալ աշխատավարձի 5% տոկոս բարձրացում, իսկ մեր ուսուցիչները խուսափում են տեսախցիկի առջև ընդամենը խոսելուց։
Հայաստանի կրթական համակարգը քաղաքակիրթ աշխարհից մի հարցում էապես հետ է մնում, մենք չենք խրախուսում խնդիրների բարձրաձայնումը հանրային հարթակներում։ Իհարկե, տներում, փողոցներում, ոչ ֆորմալ հարթակներում բոլորն են խոսում կրթության խնդիրների մասին, բայց պաշտոնական հարթակներում կամ եթերում խնդիրների մասին խոսում են քչերը։ Մինչդեռ կրթության ոլորտի խնդիրների մասին խոսելը կարևոր է, քանի որ կրթությունն այն ոլորտն է, որում երբեք խնդիրների պակաս չի եղել և չի լինելու։ Խնդիրների մասին չխոսելը մեզ զրկում է դրանք լուծելու հնարավորությունից։
Կարծեմ Էյնշտեյնն է ասել, որ իր ժամանակի մեծ մասը ծախսում է խնդիրը ճիշտ ձևակերպելու վրա, քանի որ դա շատ ավելի բարդ գործ է, քան լուծումներ գտնելը։ Նույնիսկ «Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագրի» նախագծում, որը ներկայումս քննարկումների փուլում է, մենք չենք ձևակերպել Հայաստանի կրթական համակարգի խնդիրները։
Աշխարհի առաջատար ընկերություններից մեկում՝ «Բրիջուոթերսում», խրախուսում են այն աշխատողներին, ովքեր կարողանում են ընկերությունում առկա խնդիրները ձևակերպել և ներկայացնել ղեկավարությանը։ Մինչդեռ մեզանում ընդունված է այն տեսակետը, որ խնդիրներից խոսելը լավ բան չէ, պետք է խոսել լուծումներից։
Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում