Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում կենսաթոշակներ եւ պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումների վերաբերյալ հանձնարարական տվեց: Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի եւ բռնագանձման կիրառման դեպքերում:
«Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել: Միաժամանակ, գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաեւ տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հասանելիության բացակայությամբ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին, Թվային Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեներին հանձնարարեց, իսկ ԿԲ նախագահին էլ առաջարկեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ վճարների արգելադրման, բռնագանձման օրենքով սահմանված սահմանափակումների եւ ընթացակարգերի լիարժեք պահպանման վերաբերյալ: Այդ թվում՝ պետք է քննարկել թվային գործիքների ներդրման եւ լուծումների նախատեսման հարցերը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ