2018 թ. մարտի 14-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը: Վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման: ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը: Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով: Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը մասնակի բավարարել էր Տարոն Սիրադեղյանի՝ 500.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում ստանալու դիմումը և որպես պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել էր 35.000 ՀՀ դրամ: Սակայն վերջինս, գտնելով, որ այդ որոշումն անհիմն է և դիմումը պետք է ամբողջությամբ բավարարվեր, մնացած մասով փոխհատուցում ստանալու պահանջով դիմել է դատարան: Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը հայտարարեց, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը դիմում է ներկայացրել գործով որպես երրորդ անձ ներգրավվելու մասին և այդ հիմքով հետաձգեց դատական նիստը: Երեկ կայացած դատական նիստի ընթացքում դատարան էին ներկայացել և պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Նարեկ Սիմոնյանը, և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանը։ Հայցվորի ներկայացուցչին լսելուց հետո պատասխանողն առարկեց հայցի դեմ՝ ՀՀ Ոստիկանության՝ 35.000 ՀՀ դրամ փոխհատուցում տրամադրելու որոշումը համարելով հիմնավոր:
Դատարանը պարտավորեցրեց պատասխանողին դատարան ներկայացնել դիմումի հիման վրա իրականացված վարչական վարույթի նյութերը: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը ևս առարկեց հայցի դեմ և նշեց, որ հայցվորը պետք է ներկայացնի, թե ինչպես է հաշվարկվել փոխհատուցման ենթակա 500.000 ՀՀ դրամը, ինչպես նաև ապացույցներ ներկայացնի ոստիկանների գործողությունների և պատճառված վնասի պատճառահետևանքային կապի մասին: Հայցվորի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը պատասխանեց, որ պահանջը հիմնավորելու պարտականություն հայցվորը չի կրել, իսկ պատճառահետևանքային կապն արդեն իսկ ապացուցված է՝ Ոստիկանության կողմից փոխհատուցման դիմումը թեկուզ մասնակի բավարարելու փաստով: Այսքանով նախնական դատական նիստն ավարտվեց: Դատաքննության օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ