Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակը դեմ է թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացմանը. «Հայոց Աշխարհ»

Մարտ 15,2018 11:29

Քրեական օրենսգրքի նախագծի շուրջ երեկ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում։
Հետաքրքիր խոսակցություն ծավալվեց արարքների քրեականացման ու ապաքրեականացման հարցի ու, մասնավորաբար, զինվորական հանցագործություններից երկուսի՝ վիրավորանքի եւ թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման շուրջ:
Այս կապակցությամբ զրուցեցինք ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։

Աշխարհում թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման միտում կա, բայց որքանո՞վ է ճիշտ թմրամիջոցի օգտագործումը քրեորեն հետապնդելի արարք չհամարել զինված ուժերում:

-Միանշանակ դեմ ենք թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացմանը: Ինքս կողմ եմ նաեւ շատ խիստ պատժի։ Եթե սովորական քաղաքացու համար սահմանված է վարչական տույժ, ապա այլ է զինծառայողի պարագայում: Զինծառայողի աշխատանքը կանոնակարգված չէ, այսինքն՝ եթե ես հիմա ձեզ հետ զրուցում եմ, րոպեներ անց կարող եմ հրաման ստանալ գտնվելու ծառայության վայրում եւ իրականացնելու համապատասխան գործողություն:

Պատկերացրեք, ինչ կկատարվի, եթե գտնվեմ թմրանյութերի ազդեցության տակ ու հայտնվեմ այնտեղ, որտեղ պետք է հրաման տամ: Պատկերացնո՞ւմ եք հետեւանքները. դրանից հետո որքան ուզում են` թող տուգանքներ սահմանեն:

Զինվորական ծառայողը գիշեր-ցերեկ ծառայության մեջ է, արձակուրդ ասվածը մեզ համար գոյություն չունի: Նրանք, ովքեր աշխատում են 5 օր, ուրբաթ օրն էլ մեկ ժամ շուտ տուն են գնում, զինծառայողներս աշխատում ենք նաեւ կիրակի օրերին, ու հայտնի չէ, թե երբ տուն կգնանք: Մենք կատարում ենք մյուսներից տարբերվող աշխատանք եւ կատարում ենք բոլորի համար:

Մյուս կողմից՝ ունենք անկանխատեսելի թշնամի, որն ամեն պահի կարող է սկսել պատերազմական գործողություններ: Եկեք մի պահ պատկերացնենք. թշնամին իրականացնում է ռազմական գործողություններ, իսկ մեր մի ամբողջ գումարտակը գտնվում է վայրի կակաչի սերմերի կամ վայրի կանեփի ու մարիխուանայի ազդեցության տակ, ու էյֆորիայի մեջ հանգիստ նստած են: Գուցե կասեն՝ դե, լավ է, հանգիստ նստել են, իրար հետ կռիվ չեն անում, չեն վիճում, իսկ մտածո՞ւմ են՝ ինչ կլինի մարտական գործողության ժամանակ: Կներեք, ո՞ւմ մեղադրենք այս դեպքում:

Իրավապաշտպան Սաքունցի տրամաբանությամբ՝ մեղավորը հրամանատարն է, ասում է՝ թող հսկեն, այլ ոչ թե զինվորին ազատազրկեն թմրանյութ օգտագործելու համար:

-Չեմ ընդունում այս մոտեցումը: Նախ՝ հրամանատարի համար սահմանված է պատասխանատվություն, ամեն դեպքում առաջնահերթ պատասխանատուն հրամանատարն է: Եվ իզուր չէ, որ բազմաթիվ հրամանատարներ աշխատանքից ազատվել են, զինվորական կոչումներից զրկվել են հենց նրա համար, որ անհրաժեշտ վերահսկողություն չեն իրականացրել:
Բայց պետք է նայել նաեւ խնդրի մյուս կողմը: Չմոռանանք, որ դասակի ամենակրտսեր հրամանատարն իր ենթակայության տակ ունի 30 զինծառայող, որոնք մարտական հերթապահության սահմաններում պաշտպանում են մինչեւ 250-300 մետր տարածք: Դասակի հրամանատարը պարզապես չի կարող պարբերաբար բոլորին հսկել: Դա անհնար է: Ի վերջո, թմրանյութ կարելի է ստանալ ամեն ինչից, երկու դեղ կարող է իրար խառնել, ու թմրանյութը պատրաստ է: Եվ հետո, անհնար է նման խոտերից մաքրել ամբողջ տարածքը՝ դաշտերը անտառները, ողջ բնությունը:

Տեսեք, հեռուստատեսությունը, ինտերնետը, փողոցի գովազդային վահանակները ողողված են մոլեխաղերի գովազդով՝ տոտոներով ու վիվառոներով: Իսկ մենք գիտենք, որ զինծառայողներին չի թույլատրվում մոլեխաղերով զբաղվել, դա համարվում է քրեական հանցագործություն:

Հիմա ի՞նչ անենք, մտածենք, որ եթե ողջ եթերով հեռարձակվում են այդ խաղերը, ուրեմն թող մեր զինծառայողները եւս նստեն ու պոկեր, բլո՞տ խաղան: Բայց հասկանո՞ւմ ենք դրա վտանգը մեր պետության համար. այն կարող է աղետալի լինել: Միայն թե չասենք, թե մարդու իրավունքը սահմանափակվում է, սա այն տիրույթն է, որտեղ մարդու իրավունքը գործում է հստակ սահմանափակումներով, իսկ ավելի բարձր է պետության շահը:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031