Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով ՀՀ մշակույթի նախարարի ձևավորած խորհրդակցական ժամանակավոր մարմինը մշակում է միասնական ընդհանուր պարտադիր չափորոշիչներ, որոնցով կառաջնորդվեն Հանրապետության մարզերն ու քաղաքներն իրենց խորհրդանիշերը, ձևաթղթերը, անհատականացման մյուս միջոցները ստեղծելիս:
Մշակույթի նախարարի ձևավորած վերոհիշյալ մարմնի առաջին նիստում արձանագրվել էր, որ իսկապես գործ ունենք խայտաբղետ պատկերի, երբեմն՝ աղաղակող սխալների հետ: Պատեհ առիթից օգտվելու և իրավիճակը շտկելու համար խորհրդակցական մարմնի անդամներին նախարար Ամիրյանն առաջարկել էր հաջորդ հանդիպմանը ներկայանալ տեղական խորհրդանիշերի ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ առաջարկներով:
Զինանշանի ստեղծման, տարածման, հանրահռչակման պարտադիր չափորոշիչների ձևակերպման պատասխանատվությունը ստանձնեց մշակութաբան Գագիկ Մանասյանը: Խորհրդակցական մարմնի երկրորդ հանդիպմանը մարտի 14-ին քննարկման սեղանին էին նրա ներկայացրած չափորոշիչները: Դրանց շուրջ առաջարկություններն ու դիտողությունները տարբեր էին: Զինանշանների ստեղծման հիմնական չափորոշիչների վերաբերյալ տեսակետ հայտնեց նաև հանդիպմանը հրավիրված հայկական պետական խորհրդանիշերի և Կիլիկիայի Հայոց թագավորության պատմությանը վերաբերող աշխատությունների հեղինակ Սամվել Գրիգորյանը: Նրա համոզմամբ, Հայաստանի խորհրդանիշերը պետք է ստեղծվեն մեր պետական խորհրդանիշերի պատմական ժառանգության հիման վրա՝ հաշվի առնելով գոյություն ունեցող ավանդույթները:
Գրիգորյանի բնորոշմամբ.
«Հայկական զինանիշաստեղծման ոլորտում սխալ ավանդույթ է ձևավորվել դեռ 19-րդ դարից: Այստեղ վճռորոշ դեր են կատարել նկարիչները: Այդուհանդերձ, զինանշանը գեղարվեստական երևույթ չէ: Ըստ էության, դա պետության պատմական բանաձևն է՝ ներկայացված զինանշանի միջոցով»:
Հնչած բոլոր առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնելով՝ չափորոշիչները «վերջանական տեսքի բերելուց» հետո փաստաթուղթը կներկայացվի կառավարության հաստատմանը:
Հիմնական փաստաթղթին զուգահեռ առաջարկվեց ստեղծել նաև գիտամեթոդական ձեռնարկ, Գագիկ Մանասյանի բնորոշմամբ ՝ հուշող գրքույկ, որը կօգնի և «կուղղորդի» ՏԻՄ մարմիններին ու բոլոր նրանց, ում օրենքով վերապահված է պետական խորհրդանիշերի ստեղծումը:
Խորհրդակցական մարմնի անդամներն հանդես եկան նաև նախագահին կամ վարչապետին կից զինանիշագիտական (հերալդիկայի) խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ: Նրանց համոզմամբ, դաշտում տիրող խայտաբղետ պատկերը պայմանավորված է հենց մասնագիտական վերոհիշյալ խորհրդի բացակայությամբ:
Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՀ մշակույթի նախարարություն
Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի