«Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կանխելուն ուղղված ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները կձգվեն մինչեւ շաբաթվա վերջ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած գործողությունների ծրագրի շուրջ դեռեւս կոնսենսուս չկա։ Նախօրեին «Ելք» խմբակցությունում այդ թեմայով տեղի ունեցած քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել փարատել դաշնակիցների մտահոգությունները եւ ընդունելի դարձնել 14+4-օրանոց խաղաղ պայքարի գործողությունների իր ծրագիրը։ Ի դեպ, ծրագիրը գաղտնի է պահվում, սակայն կան տեղեկություններ, որ 2008-ի համաժողովրդական շարժման բովով անցած Փաշինյանը բոլորովին նոր սցենար է մշակել, որը չի կիրառվել նախկին ընդդիմադիրների կողմից։ Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։ Հանրապետականները բազմիցս հայտարարել են, որ Սերժ Սարգսյանից բացի այդ պաշտոնում այլ անձի չեն տեսնում։ «Ելք»-ում միակարծիք են՝ Սերժ Սարգսյանը չպետք է լինի վարչապետ, սակայն համաձայնության չեն գալիս գործողությունների հարցում՝ ինչ անել, որպեսզի դեմ չգնան դաշինքի կողմից հայտարարված այն սկզբունքին, որ ժողովրդին չեն տանելու պարտության։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ չպետք է ձեռքները ծալած նստել եւ ժողովրդին պետք է փողոց դուրս գալու հնարավորություն տալ։ Սակայն ավելի վաղ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ ցանկացած քայլ կտանի պարտության ու նոր հիասթափության։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ խմբակցությունում գերակշռող մեծամասնությունը պայքարի գործիքակազմի հարցում մտահոգություններ ունի։ ««Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է ճանապարհային քարտեզ, որում մենք՝ դաշինքի գերակշիռ մեծամասնությունը, տեսնում է խնդիրներ, բացեր, բազմաթիվ թերություններ, ունենք տարբեր մտահոգություններ, եւ հեղինակներն աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ»,- ասաց Գորգիսյանը՝ ավելին չմանրամասնելով։ Տարաձայնությունների մասին հարցին ի պատասխան՝ նա հիշեցրեց․ «Երբ «Ելք»-ը ձեւավորվում էր, մենք ի սկզբանե մեր ընտրողներին եւ հասարակությանը խոստացել ենք, որ չենք կրկնելու պարտության տանող ուղիները, որոնք մինչ մեզ արել են նախկին ընդդիմությունները: Տեսել ենք, որ այդ ճանապարհները փակուղի են տանում: Մենք խոստացել ենք, որ պարտության ու հիասթափության չենք տանելու քաղաքացիներին։ Հիմա մեզ մտահոգում է՝ արդյոք այդ սցենարը չի՞ տանի հենց մեր ասած փակուղի ու պարտություն։ Մենք չպետք է թույլ տանք, որ «Ելք»-ը կրկնի նախկին ընդդիմադիրների սխալները»։ Մինչդեռ նախկինների սխալները չկրկնելը նշանակո՞ւմ է արդյոք ճիշտ գործել, մի՞թե ճիշտ է ձեռքերը ծալած նստել՝ միայն այն բանի համար, որ չկրկնվեն նախորդների սխալները։ «Ի վերջո, մենք սկսել ենք բոլորովին տարբերվող քաղաքական մշակույթ ներդնել, եւ դա մեզ մոտ ստացվում է, դա երկխոսության ու այն ճակատում ՀՀԿ-ին հաղթելն է, որտեղ մենք կարողանում ենք անել։ Դա երկխոսության ճակատն է, այլընտրանք դառնալու ճակատն է, ՀՀԿ-ին փոխարինելու պատրաստ ուժ ներկայանալու մոտեցումն է։ Այս մոտեցումն աշխատում է, եւ մենք այս մոտեցումով ոչ մի ձախողում չենք ունեցել»։ Իսկ որո՞նք են եղել հաղթանակներն ու հաջողությունները։ «Բոլոր այն խնդիրները, որ քաղաքացիներին հուզում են, դառնում են ԱԺ քննարկման առարկա, եւ որոշ դեպքերում հաջողվում է լուծում տալ, որոշ դեպքերում ձախողում են»։ Պատգամավորը, որպես նվաճած հաջողություն, հիշատակեց թանկացումների դեմ դաշինքի պայքարը, որի արդյունքը, նրա խոսով, եղավ այն, որ տրանսպորտի ուղեվարձը չթանկացավ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում