Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է կարծել, թե՝ եթե հանկարծ «Ելքը» ելավ երթի կամ հանրահավաք հրավիրեց, ուրեմն՝ վե՛րջ, աշխարհը շուռ է գալու. «Հայոց աշխարհ»

Մարտ 15,2018 10:48

«Ելք» դաշինքի կուսակցությունների միջեւ իրենց հետագա համատեղ պայքարի ձեւաչափի շուրջ քննարկումներն արդեն համեմատելի են խաշ կամ հարիսա պատրաստելու հետ:

Հիշեցնենք, քննարկման հիմնական առարկան վերաբերում է այն հանգամանքին, թե վարչապետի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման դեպքում «Ելքը» ինչպես է պատկերացնում իր պայքարը, ինչպես իրենք են ասում՝ վերարտադրության դեմ: Քննարկվող տարբերակներն էլ առանձնապես բազմաթիվ չեն: «Ելք»-ականների մատուցմամբ, հարցերից հիմնականը փողոց դուրս գալ-չգալուն է վերաբերում եւ դրա, այսպես ասած, «ճանապարհային քարտեզին», այն է՝ գործողությունների պլանին:

Ի դեպ, որքան երկար է այս՝ «փողոցային պայքարի» պարագան արծարծվում, այնքան խորանում է տպավորությունը, որ պատկերն ու հեռանկարն արհեստականորեն ուռճացվում են: Այնպիսի տոնայնությամբ ու առոգանությամբ են առանձին մերձքաղաքական կերպարներ, նաեւ որոշ լրագրողներ շեշտադրում այդ «փողոցային պայքար» արտահայտությունը, որ կարելի է կարծել, թե՝ եթե հանկարծ «Ելքը» ելավ երթի կամ հանրահավաք հրավիրեց, ուրեմն՝ վե՛րջ, աշխարհը շուռ է գալու, ի լրումն՝ մեկ տարի առաջվա խորհրդարանական ընտրությունների արդյունքները անմիջապես վերանայվելու են:

Մինչդեռ իրավիճակը շատ ավելի սթափ ընկալող մի շարք փորձագետներ նկատում են, որ բնակչությանը շատ ավելի հուզող «գնային», այսինքն՝ թանկացումների հետ կապված «Ելքի» հանրահավաքային ակտիվությունը, ընդ որում՝ աջակողմյան ղեկով մեքենաների հետ կապված կառավարության որոշումից դժգոհ քաղաքացիների միանալու պայմաններում, գրեթե արձագանք չստացավ հասարակության կողմից:
«Ելքում» դեռ շարունակելու են քննարկել իրենց անելիքները: Սկզբունքորեն պարզ է, որ հիմնական տարաձայնությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» եւ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանի» միջեւ են:

Վերջինիս ներկայացուցիչ, «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը երեկ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գոյություն ունեցող տարաձայնություններին առնչվող հարցին, մասնավորապես նշեց.«Նախնական տրամադրվածությունները հենց եղել են այդպիսին, որ պիտի ներկայացնենք վարչապետի թեկնածու՝ երկրի առաջիկա զարգացման ծրագրով: Այս կոնցեպտը պահպանվում է, բայց մանրամասների քննարկման չենք անցել:
Հիմա քննարկման սեղանին է ճանապարհային քարտեզ կոչվածը, բայց հստակ պետք է հասկանանք. դա «Ելքի» ճանապարհային քարտեզը չէ: Նա ունի գրեթե նույն թերությունները, որոնց մասին արդեն խոսվել է, եւ նախկին ընդդիմություններն այդ թերությունները թույլ են տվել»:

Հասկանալի է. ճանապարհային «քարտեզագրումը» հիմնականում «Քաղպայմանագիրն» է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը երեկ, «Ազատությանը» տված հարցազրույցում, մասնավորապես նշեց, որ դա երկու-երեք շաբաթվա գործողություններին առնչվող ծրագիր է, բայց դրա վերաբերյալ դաշինքը տվյալ պահին կոնկրետ որոշում չունի:
Նա նաեւ նշեց, թե իրենք երբեք չեն թաքցրել, որ տարաձայնություններ միշտ եղել են դաշինքում ու լինելու են, եւ հույս ունեն, որ այդ տարաձայնությունների լուծման ձեւերը կգտնեն: Իրենց որոշելիքն ու խնդիրն է՝ թաքցնե՞լ, թե՞ բացեիբաց քննարկել դաշինքային ներքին խոհանոցի հարցերը, տարաձայնություններով հանդերձ:
Բայց այս դեպքում կարեւորն այն է, որ անգամ մեկ կուսակցության մեջ միավորվելու հավակնություն արտահայտած դաշինքում իրենց հետագա գործողությունների վերաբերյալ ոչ թե պարզապես տարաձայնություններ ունեն, այլ մի երկար ժամանակ է, ինչ կոնսենսուս չունեն: Լիարժեք համաձայնություն, այսինքն:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031