«Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։
Այս խնդրի հետ կապված Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում, մարտի 13-ին, քննարկում է եղել։ Քննարկվել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության և կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:
Քննարկմանը մասնակցած մասնագետները, «Արմենիկում» բուժհաստատության ղեկավարը, աշխատակիցներ ներկայացրել են «Արմենիկում» դեղամիջոցի, քսուկի գրանցած հաջողությունները։
Որքան էլ ուշագրավ է, ի սկզբանե ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման համար նախատեսված այս դեղորայքը, պարզվում է, հրաշագործ միջոց է։ Օրինակ՝ քննարկմանը ներկա «Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, այլև դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային Հեպատիտ C-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման ժամանակ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում էլ հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների և վերքերի արագ ապաքինման գործում: «Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաև Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:
Սոնա Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում