Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ եւ անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են. Բակո Սահակյանը ԱՄՆ Կոնգրեսում

Մարտ 15,2018 10:29

Մարտի 14-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես:

Նախագահը հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ, քննարկել Արցախ-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Այնուհետեւ՝ Կոնգրեսում կազմակերպվել է ընդունելություն՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին:

Իր խոսքում Նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների օրենսդիր բարձրագույն մարմնում կազմակերպված հանդիպումները, նշելով, որ դրանք նաեւ մեծացնում են մեր պատասխանատվության աստիճանը՝ համառ ու քրտնաջան աշխատանք իրականացնելու, երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու ու զարգացնելու գործում:

«Ես լավատես եմ՝ հենց այդպես էլ կլինի, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենք դիտարկում ենք որպես բարեկամ երկիր, պետություն, որը միլիոնավոր հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք: Լավատես եմ, որովհետեւ մենք այստեղ ունենք հավատարիմ, ազնիվ եւ անշահախնդիր բարեկամներ, ովքեր արդեն երկար տարիներ մշտապես Արցախի հետ են, աջակցում են մեր ժողովրդին, աշխարհին ճշմարիտ տեղեկություններ ներկայացնում մեր երկրի մասին: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական կապերը՝ դրանք համարելով մեծ հարստություն»,- շեշտել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:

Բակո Սահակյանը նշել է, որ մեր հանրապետությունում կարեւորում են ամերիկացիների սատարումն Արցախին, եւ այստեղ իրենց ուրույն տեղն ունեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, մեր բարեկամ կոնգրեսականներն ու սենատորները:

Նախագահն արժեւորել է Վաշինգտոնի շոշափելի դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման գործում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը եղել է, կա եւ կմնա մեր արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:

Նախագահն Արցախի Հանրապետության պետական պարգեւներ է հանձնել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների եւ սենատորների՝ Արցախին սատարելու եւ Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում շոշափելի ներդրում ունենալու համար:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031