Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքում դատավորներն ու դահիճները շատ են

Մարտ 15,2018 10:04

«Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»: Սա մեջբերում էր մեր թերթի վարքականոնից, որը ընդունվել է ավելի քան 10 տարի առաջ՝ այն դարաշրջանում, երբ մարդիկ ֆեյսբուքում իրար դեմ «կյանքի եւ մահու» կռիվ դեռեւս չէին մղում, իսկ լրագրողի ու համացանցի օգտատիրոջ միջեւ գոյություն ուներ որոշակի սահման: 10 կամ 20 տարի առաջ նույնպես հաճախ էր պատահում, երբ մարդիկ փորձում էին ինքնահաստատվել՝ գործընկերներին «ցեխը կոխելով»: Բայց հիմա, երբ եկան ֆեյսբուքյան դաժան ժամանակները, դա տեղի է ունենում գրեթե ամեն րոպե:

Ինչու եմ ես կարեւոր համարում վարքականոնի այս կետը: Նախեւառաջ այն պատճառով, որ, իմ կարծիքով, ոչ ոք այս դաշտում իդեալական չէ, եւ հետեւաբար ոչ մեկս չի կարող մյուսի դատավորը դառնալ: Բնականաբար, ամեն մեկս իր կարծիքն ունի կյանքի բոլոր երեւույթների վերաբերյալ, եւ բանավիճել դրա շուրջ կարելի է (թեեւ ես դրա մեջ առանձնապես իմաստ չեմ տեսնում՝ բանավեճից հետո էլ մարդիկ մնում են իրենց տեսակետին): Բայց առավել անիմաստ է եւ զավեշտալի բանավեճը տանել հետեւյալ ուղղություններով՝ «ես անկախ եմ, դու անկախ չես», «ես անկաշառ եմ, դու ծախված ես», «ես պատվեր չեմ կատարում, դու կատարում ես», «ես գրագետ եմ, դու՝ անգրագետ», «ես բարոյական եմ, դու՝ անբարոյական», «ես հետեւում եմ էթիկայի նորմերին, դու չես հետեւում»: Ես զավեշտալի եմ համարում, երբ մարդիկ այնքան բարձր կարծիքի են իրենց առաքինության եւ այլ բարեմասնությունների մասին, որ իրավունք են վերապահում հանդես գալու դատավորի դիրքերից: Ֆեյսբուքում, մասնավորապես, օգտատերերի 90 տոկոսն է դատավոր ու երբեմն նույնիսկ՝ դահիճ: Գուցե մայր Թերեզան կամ Ալբերտ Շվեյցերը իրավունք ունեին դատավորի դիրքերից հանդես գալու, բայց հենց իրենք են, որ նման բան չեն արել՝ ավելի հրատապ համարելով օգնության կարոտ մարդկանց ձեռք մեկնել, քան դատավճիռներ կարդալ:

Մի խոսքով՝ առաջարկում եմ գործընկերներիս նկատել լավ հոդվածները, հաղորդումները, ռեպորտաժները, հրապարակավ գնահատել, ողջունել դրանք: Իսկ եթե թերություններ ենք տեսնում, Խորենացու ողբը չկապել Ֆեյսբուքով մեկ, այլ (հատկապես եթե խոսքը երիտասարդ եւ անփորձ գործընկերների մասին է) դիտողությունները հայտնել նրանց անձնապես՝ PM-ով:

…Իսկ ընդհանրապես՝ որքան մեծանում եմ, այնքան ինձ ավելի շատ հետաքրքրում են իմ սեփական, ոչ թե ուրիշների թերացումները:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gohar says:

    Հրաշալի խորհուրդ եք տալիս հարգելի Արամ Աբրահամյան ։ Ոգևորված Ձեր խոսքերից ուղարկում եմ երկու հրաշալի ելույթներ, առանց համեմատության և քննադատության ։ Ես հիացա՛ծ եմ , գիտեմ ,որ քարկոծվելու եմ , բայց լռե՛լ էլ չեմ ուզում ։

    https://www.youtube.com/watch?v=p0iYot_s_Ps&feature=youtu.be

    https://www.youtube.com/watch?v=FrchXFSaO0g

  2. Gohar says:

    Առաջինը՝ Benjamin Netanyahu Full Speech at AIPAC 2018.

    Benjamin Netanyahu Full Speech at AIPAC 2018.

    երկրորդը՝ U.S. Ambassador to the U.N. Nikki Haley

    https://www.youtube.com/watch?v=FrchXFSaO0g

  3. gib.gibindus says:

    Դատավոր ու դահիճ չգիտեմ, բայց հենց որ ֆեյսբուքի թաղայինի տեղ բացվի՝ խնդրում են ձեն հանեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031