Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը համայնքային հողերը «ջրի» գնով տալիս է յուրայիններին

Մարտ 15,2018 15:30

«Առավոտն» օրերս անդրադարձել էր, թե ինչպես է Երեւանի քաղաքապետարանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի որոշ փողոցներում աջ ու ձախ տարածքները բաշխում, որտեղ անխնա կառուցապատումներ են ընթանում:

Մենք անդրադարձել էինք Անդրանիկի փողոցին, որտեղ քաղաքապետի թույլտվությամբ մայթերն ու կանաչ տարածքները կառուցապատողները զավթել են ու մեկը մյուսի հետեւից շինություն են կառուցում եւ այն վարձով տալիս: Օրինակ՝ Անդրանիկի 79/6 հասցեում կառուցապատման իրավունք է տրվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը՝ Լիա Ալեքսանյանին, նույն կերպ հարակից տարածքներն են՝ Անդրանիկի 79/4, Անդրանիկի 79/16 եւ այլն:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այս եւ այլ հասցեների հետքերով գնալով՝ մի շարք բացահայտումներ է կատարել: «Առավոտի» հետ զրույցում տիկին Բախշյանն ասաց՝ զուգադիպել են իր՝ քաղաքապետարանին կատարած հարցումներն ու «Առավոտի» հրապարակումը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու 77/4, 77/5, 77/16, 77/7, 77/8, 77/9, 77/10, 77/11 եւ Անդրանիկի փողոցի հասցեները, ըստ Բախշյանին քաղաքապետարանից տրված գրավոր պատասխանի, հանդիսանում են համայնքային սեփականության հողեր: Մինչդեռ այս հասցեները Բախշյանը, ինչպես նաեւ մենք քաղաքապետարանի համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ցանկում չգտանք:

«Ամեն տարի ավագանին հաստատում է համայնքային սեփականության գույքի ցանկը: Եվ այս հասցեները այս տարվա ցանկում չգտնելով՝ քաղաքապետին հարցում եմ ուղարկել՝ նշված հասցեների հողերը եթե համայնքային սեփականություն են, ապա Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ո՞ր թվականի փաստաթղթերում եւ ո՞ր համարի տակ են դրանք գույքագրված եղել: Եվ ինձ պատասխանել են՝ կան ցանկում, դուք չեք գտնում: Եվ այդպես էլ ինձ չեն պատասխանել՝ եթե կան ցանկում, ապա ո՞ր թվի եւ ո՞ր համարի տակ»,- ասում է տիկին Բախշյանը: Նրա խոսքով՝ «Քաղաքապետի խորհրդականը գրավոր պատասխանել է՝ Երեւան համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է 11330.61 հա հողամաս, եւ քանի որ բոլոր միավորներն առանձնացված եւ գրանցված չեն, ապա նպատակահարմար կամ անհրաժեշտ չի եղել դրանք ներառել ամենամյա գույքի փաստաթղթերում: Ես միտում եմ տեսնում, որ նրանք դիտավորյալ չեն ներառում ցանկում, որովհետեւ քաղաքապետարանում համայնքային սեփականության գույքի 2 ցուցակ կա, մեկը՝ պաշտոնական, մյուսը՝ իրենց գրպանի: Եվ հենց այդպես էլ տարածքները «մեջ-մեջ» են անում»:

Չի բացառվում, որ նշված օրինակի տակ է ընկնում նաեւ Անդրանիկի 73/12 հասցեն, որին օրեր առաջ էինք անդրադարձել, այստեղ այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում, շինթույլտվություն կա, բայց թե կառուցապատողին ինչ հիմքով են տվել այս հողը, որեւէ տեղեկություն քաղաքապետարանի կայքէջում չկա:

Քաղաքապետին ուղղված հարցմամբ Բախշյանը խնդրել է տրամադրել տեղեկատվություն՝ ե՞րբ են այդ հողատարածքները դրվել աճուրդի, ովքե՞ր են հաղթողները, ե՞րբ է դրանց համար տրվել շինթույլտվություն: Ինչպես նաեւ խնդրել էր տրամադրել այդ տարածքների հասցեներում կառուցապատողների գույքի եւ հողի հարկերի վերաբերյալ վճարված տեղեկանքներ:

Քաղաքապետին ուղղված հարցմանն ի պատասխան՝ Բախշյանին տեղեկացրել են. «Քննարկվող հողամասերն ընդգրկված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հետեւաբար դրանք չեն մասնավորեցվել եւ սահմանված կարգով տրամադրվել են կառուցապատման իրավունքով:

Կառուցապատման իրավունքով այդ հողերը տրամադրվում են մրցույթով»: Մրցույթի հաղթողները, ըստ քաղաքապետարանի, 12-ն են, բոլորի անուն-ազգանունները նշված են, նրանցից են փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդին՝ Էդմոնդ Օհանյանը, եւ Ալեքսանյանի քույրը: Ընդ որում, Բախշյանը 12 կառուցապատողներից 2-ի պայմանագրերը, որքան էլ փորփրել է, չի գտել. այստեղ էլ կասկածելի հանգամանք է տեսնում Բախշյանը: Րաֆֆու 77/4 եւ Րաֆֆու 77/5 հասցեները թեեւ համայնքային սեփականության գույքի ցանկում չկային, սակայն սրանց կառուցապատման պայմանագրերը կան:

Բայց այս ամենում ուշագրավն այն է, որ քաղաքապետարանը կառուցապատման նպատակով տրամադրում է այդ հողերը ու դիմացը, կարելի է ասել, կոպեկներ ստանում: Ըստ քաղաքապետի որոշման եւ համապատասխան պայմանագրի՝ այս հողերի վրա կառուցապատողները տարեկան 20-25 հազար դրամ են վճարում: Ովքեր էլ պայմանագիր ունեն՝ կնքված են 10 տարով, բացառությամբ փոխքաղաքապետի որդու, նրա պայմանագիրը 20 տարով է: Լիա Ալեքսանյանն էլ ունի կառուցապատման իրավունք: Այս բոլոր 10-ից ավելի կառուցապատողները, ըստ քաղաքապետարանի, հողի եւ գույքի հարկ վճարողներ չեն հանդիսանում:

Մինչդեռ Էդմոնդ Օհանյանը եւ Լիա Ալեքսանյանն ու նրանց շարքերը կհամալրեն այլ սուբյեկտներ, արտոնյալ պայմաններով ստացած այդ հողերի վրա կառուցել եւ կառուցում են օբյեկտներ, որոնք հետո վարձակալության են տալիս: Մենք արդեն կառուցված տարածքներ այցելել ենք եւ մեր հարցուփորձով պարզել՝ Օհանյանի եւ Ալեքսանյանի տարածքների վարձակալությունը ամսական 300-500 հազար դրամ է:

Ստացվում է՝ այս անձինք քաղաքապետարանից համայնքի հողը ստանում են, շինություն կառուցում, դիմացը տարեկան վճարում 20-25 հազար դրամ, իսկ իրենք այդ օբյեկտները վարձակալությամբ են տալիս 300-500 հազար դրամով: Նշենք, որ նրանք քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքում 10 կամ 20 տարով, ժամկետը լրանալուց հետո պարզ է, որ կերկարացնեն պայմանագիրը, եթե ոչ՝ ապա այդ շինությունը դառնում է համայնքային սեփականություն:

Ընդ որում, այս օբյեկտները կառուցվել են կանաչ տարածքների հաշվին: Օրինակ՝ Ալեքսանյանի քույրը, որն այժմ իր շինությունը վարձով տալու մասին հայտարարություն է փակցրել, ըստ բնակիչների՝ ծառեր է հատել, որպեսզի շինությունը վեր խոյանա:
Բախշյանն ասում է. «Այս որոշ կառույցների վերաբերյալ շինթույլտվություններն ինչ-որ տեղ իրենց մոտ կլինի, դրանք հանրային չեն, ոչ մի տեղ դրանք դրված չեն, որպեսզի տեսնենք, թե ինչ է: Քաղաքապետարանը թափանցիկ չի աշխատում, որովհետեւ թաքցնելու շատ բան ունի: Օրինակ՝ փետրվարի 8-ի աճուրդի հայտարարության մեջ 55 անուն գույք կար, դրանցից 18-ը չեմ գտել: Ինձ ասում են՝ դու լավ չես նայել: Եթե ես լավ չեմ նայել, հատ-հատ ցույց տվեք դրանք: Ցույց չեն տալիս»:

Հիմա Րաֆֆու փողոցում, ըստ Բախշյանի, 8 օբյեկտ կառուցելու շինթույլտվություն կա, 2-ը սկսել են: Եվ սրանք էլ համայնքային բյուջե տարեկան ընդամենը 20 հազար դրամ կվճարեն, իսկ իրենց գրպանը ամսական մի քանի հարյուր հազար դրամ կդնեն. «Էդ մրցույթների ժամանակ կառուցապատողին նվեր են տալիս: Մրցույթներն էլ ձեւական են: Ես նախկինում «Բարեւ Երեւան» խմբակցությունից մասնակցում էի մրցույթներին, դրանք շինծու էին, 2 հոգով գալիս են, ու ի սկզբանե պարզ էր՝ ով է հաղթելու: Ես այն ժամանակ դիմում գրեցի եւ հրաժարվեցի մասնակցել դրանց՝ հիմնավորելով՝ չեմ ուզում ապօրինության մասնակից լինել»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

14.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031