Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տասներեք տարի մուծում է իրենից խլված հողի վարձը

Մարտ 15,2018 15:00

Արտաշես Մանուկյանը դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ հայտնելով. «Ֆանարջյան փողոցի 80/1 բնակելի տունը 0,41115 հա հողամասով սեփականության իրավունքով պատկանում է ինձ, սակայն իմ հողատարածքում առկա է շինություն: Խնդրում եմ օրենքի սահմաններում լուծել այս հարցը, քանդել անօրինական շինությունը, ինձ հանձնել իմ տարածքը, որի դիմաց ես պարտաճանաչ ձեւով վճարում եմ հարկերը»:

Քաղաքապետարանը մատը մատին չի խփել, իսկ միջհարեւանական «լուծումն» ավարտվել էր Արտաշեսին դանակահարելով: Ու այս կարգի հողային կռիվները միակը չեն:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանն անցյալ տարվա օգոստոսի 2-ից սպասում է փորձաքննության հերթական եզրակացությանը: Այդ պատճառով Արտաշես Մանուկյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու եւ նախկին վիճակը վերականգնելու պահանջի մասին հայցի քննությունը չի շարունակվում: Հայցը դատարան է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 14-ին: Պատասխանողները հարեւաններն են՝ Գոռ Աթոյանն ու Ժանետա Եղիկյանը, ովքեր հայցվորի հողի մի մասի վրա տուն են կառուցել:
Ու սա ընդամենը քաղաքացիական գործով է՝ ողջամիտ ժամկետների մասին խոսելն իսկ ավելորդ է:

Երկու տարի առաջ դատարանի հունիսի 9-ի որոշմամբ նշանակվել էր մեկ այլ շինարարատեխնիկական փորձաքննություն, որը հանձնարարվել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին:

Փորձագետները դիմել էին կողմերին՝ հայցվոր Արտաշես Մանուկյանին եւ պատասխանողներին՝ Գոռ Աթոյանին, Ժանետա Եղիկյանին, որպեսզի տրամադրվեն փորձաքննության կատարման, ելակետային տվյալների ձեռքբերման համար անհրաժեշտ նյութերը: Խոսքը քարտեզագրման, հաշվառման, հողամասերի փաստացի հատակագծերի, Ֆանարջյան փողոցի երկու դրկից տների՝ 80/1 եւ 76/4 վերաբերելի փաստաթղթերի, անշարժ գույքի կադաստրից ստացված, պետական գրանցում ստացած կադաստրային քարտեզների մասին էր:

Այդ ժամանակ էլ գործի վարույթը կասեցվել էր: Փորձագետները երկու ամիս հետո ուղարկել էին իրենց եզրակացությունը եւ գործի վարույթը վերսկսվել էր:
Փորձագետներին տրվել էին հետեւյալ հարցերը. արդյոք պատասխանող մոր եւ որդու կառուցած շինությունը, կամ դրա մի մասով ծանրաբեռնվա՞ծ է հայցվոր Արտաշես Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Երեւանի Ֆանարջյան փողոցի 80/1 հասցեում գտնվող հողատարածքը, եթե այո, ապա որքան է կազմում այդ շինությամբ ծանրաբեռնված հողատարածքի մակերեսը:

Առկա՞ է, արդյոք, նշյալ հողատարածքի օգտագործում այլ անձանց կողմից, եթե այո, ապա ո՞ւմ կողմից, ի՞նչ տարածքով, ի՞նչ շինությամբ:

Հայցվորի երկրորդ կարգի հաշմանդամ, թոշակառու մայրը՝ տիկին Օֆելյան, երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ որդին դատարան է ներկայացրել տասներկու տարի առաջ մարտին գնած վիճելի տարածքի առքուվաճառքի գնման պայմանագիրը:
Համաձայն այդ պայմանագրի՝ վաճառվող անշարժ գույքը բաղկացած է 39, 62 եւ 0, 04115 հա հողամասից:

Տարօրինակ է, սակայն, որ հետագայում այս անշարժ գույքը Քանաքեռ-Զեյթուն համայնքի համասեփականատերերի ցուցակում դառնում է 0, 412 հա:
Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, ո՞վ է միջամտել մարդու սեփականությանը:
Չնայած այդ ամենին, մինչ օրս սեփականատեր հայցվորը հողի վարձ է մուծում՝ տարեկան 3500 դրամ:

Արտաշես Մանուկյանի ներկայացուցիչն է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Բուջատյանը, որն էլ միջնորդությամբ դիմել էր դատարան՝ դատաշինարարատեխնիկական փորձաքննություն անցկացնելու մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

14.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031