Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ համապատասխան դիմում Բարձրագույն դատական խորհրդին: Իսկ թե ինչու, կարդացեք ստորեւ:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը դեռեւս 2017թ. նոյեմբերի 21-ին, աշխատանքային վեճով, վճիռ է հրապարակել եւ ինչպես հաճախ է լինում հայկական իրականությունում, այն այդ օրը չի տրամադրել կողմերին, բնականաբար, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի պահանջները։ Բայց ավելի զավեշտալին այն է, որ սույն դատավորը մինչ օրս չի տրամադրել այդ վճիռը։ Ընդ որում, այս գործը սկիզբ է առել դեռեւս 2014թ.-ին։
Հարցն էլ ավելի է բարդանում, երբ խոսքը գնում է աշխատանքային վեճի մասին, որը համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ արագացված դատաքննություն անցկացնելու հիմք է։
Մի գործով ես արդեն իսկ անդրադարձել էի, թե ինչ արժեք ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները ողջամիտ ժամկետներում անձանց դատական քննության իրավունքի հետ կապված։
Եվ ահա կրկին ցանկանում եմ փաստել, որ օրենքների փոփոխումը չի բերելու անձանց իրավունքների պաշտպանության, քանի որ դրա համար պետք է հստակ ձեւավորված կամք՝ ԳՈՐԾ, այլ ոչ թե խոսքեր:
ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆ
փաստաբան
«Առավոտ»
14.03.2018