Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ստեղծագործող հայաստանցի նախկին մնջախաղացը հայրենիքում կներկայանա այլ կարգավիճակով

Մարտ 15,2018 14:00

Դեռեւս վիճակագրություն չկա, թե «անմշակույթ» որակվող 1990-ականներից հիմնականում Արեւմուտք տեղափոխված հայաստանցի արվեստագետներից քանիսն են շարունակում իրենց գործունեությունը: Բայց կան արվեստագետներ, որոնք հենց դրսում, գուցե հանգամանքների բերումով, իրենց փորձել ու հաստատվել են, ավելին՝ ճանաչման արժանացել բոլորովին նոր ոլորտում:

Այդ տարիներին Հայաստանից ԱՄՆ տեղափոխված Արթուր Դեր-Թումասյանի անունն այսօր էլ առիթի դեպքում ասոցացվում է մեր մնջախաղային արվեստի հետ: Նա ուսանել է անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի արվեստանոցում եւ նրա ուղղորդմամբ վարպետացել հայկական պրոֆեսիոնալ մնջախաղային արվեստի հիմնադիր Արսեն Փոլադովի մոտ: Ասում են նաեւ, թե Արթուրը 1982թ. պետական կարգավիճակ ստացած մնջախաղի թատրոնի առաջին դերասաններից էր: Նվիրյալ այդ արտիստը որոշ ժամանակ անց սկսել էր հետաքրքրվել ժամանակակից մնջախաղի ուղղություններով՝ մասնավորապես Body art-ով:

Տեսարաններ «Նանա» ֆիլմից:

Օրերս դիզայներ, խճանկարային գեղանկարչուհի Նանա Փիլոյանը տեղեկացրեց, որ վերջերս իր եւ Արթուր Դեր-Թումասյանի մասնակցությամբ, վերջինիս սցենարով եւ ռեժիսուրայով Հայաստանում նկարահանված «Նանա» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվել է Ֆլորիդայում, իսկ հայաստանցի հանդիսատեսը ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա միայն սեպտեմբերին: Ֆիլմի սցենարի եւ այլ մանրամասների մասին գեղանկարչուհին ոչինչ չհայտնեց: Հարցին, թե կարելի՞ է գոնե եզրակացնել, որ իր անունը կրող ֆիլմը կենսագրական է, նույնպես պատասխան չստացանք: Միայն մեր զրուցակիցը նշեց, թե Արթուրի հետ ինքը իբրեւ նկարիչ կարճ ժամանակահատված աշխատել է Երեւանի մնջախաղի պետական թատրոնում:

Կապվեցինք Արթուր Դեր-Թումասյանի հետ: Նախ հետաքրքրվեցինք Հայաստանից նրա հեռանալու պատճառների մասին: «Պատճառները շատ են, նաեւ խիստ անձնական: Դա իսկապես համբերության լցված բաժակ էր: Այս պահին չեմ պատրաստվում ներկայացնել բոլոր դրդապատճառները, բայց կնշեմ միայն վերջին կաթիլի մասին. մի ճանաչված երեւանցի, իրեն նկատի ունենալով, ասաց, թե տաղանդավոր մարդկանց ամեն բան ներելի է… Ես հավաքեցի ճամպրուկս եւ մեկնեցի մի երկիր, որտեղ սրիկայությունը նույնիսկ տաղանդավոր մարդկանց ներելի չէ…»,- ընդհանուր, բայց մտածելու առիթ տվող պատասխան տվեց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Ստացվեց այնպես, որ կյանքիս գուցե վերջին տասնամյակներին ցանկություն առաջացավ մոտս հենց այստեղ՝ ԱՄՆ-ում նկարահանել ֆիլմեր, որոնք իրականացնելու համար վաղուց ունեմ բոլոր պայմաններն ու հնարավորությունները: Հիմնել եմ Artus Studio-ն, կարճ ասած՝ ապրում ու ստեղծագործում եմ մարդավայել»:

Արթուր Դեր-Թումասյանը՝ Դեվիդ Ուինթերսի հետ:

Արթուր Դեր-Թումասյանը նշեց, որ այս ընթացքում նկարահանվել է նաեւ ֆիլմերում, այդ թվում՝ «Dancin it՛s on» նկարում, որի սցենարիստն ու ռեժիսորը հանրահայտ անուն է՝ Դեվիդ Ուինթերսը, որին ներկայացնում են անգլո-ամերիկյան դերասան, պարող, խորեոգրաֆ, պրոդյուսեր, ռեժիսոր եւ սցենարիստ: Նա մասնակցել է ավելի քան 150 հեռուստատեսային սերիալների, հաղորդումների եւ ֆիլմերի: Ընդ որում, Դեվիդ Ուինթերսը համարվում է ժամանակին «Էմմի» ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխության «Անձնական ձեռքբերումների հատուկ որակավորում» անվանակարգի առաջին հավակնորդը՝ մինչեւ «Խորեոգրաֆիայում նշանակալի ձեռքբերումների համար» անվանակարգի ստեղծումը:

Զրույցի ընթացքում ամերիկաբնակ արվեստագետը, անդրադառնալով «Նանա» ֆիլմին, նշեց, որ այդ աշխատանքի համար հիմք են դարձել հայաստանցի գեղանկարչուհու ստեղծագործական տաղանդը եւ ինքն էլ մեծ սիրով է նկարահանվել այդ ֆիլմում: Ասաց նաեւ, թե շատ կուզեր, որ ֆիլմի պրեմիերան Նանա Փիլոյանի գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսի հետ միաժամանակ կայանար Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Խոստացավ նաեւ, թե երեւանյան հանդիպման ժամանակ ավելի ընդարձակ կներկայացնի ԱՄՆ-ում ծավալած կինոռեժիսորի իր գործունեությունը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031