Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակույթը սահմանին

Մարտ 15,2018 13:30

Լինելով ապագա մշակութաբան եւ հետաքրքրված լինելով իմ համայնքի` Նոյեմբերյանի մշակութային կյանքով, պարզորոշ տեսնում եմ, որ մշակույթը բավականին առաջընթաց է ապրում Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Բազմաթիվ միջոցառումները, ժողովրդական թատրոնի, մանկական թատրոն-ստուդիայի, տիկնիկային թատրոնի, ժամանակակից, ազգագրական երգ ու պարերի խմբակների բեղմնավոր աշխատանքները ասածիս վառ ապացույցն են: Այս ամենից ելնելով՝ մարտի սկզբին հետաքրքիր հանդիպում ունեցա Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի հետ, եւ զրույց-քննարկման միջոցով ծանոթացա մշակույթի կենտրոնի պատմությանը, անցած ուղուն, նոր կազմակերպված միջոցառումներին եւ հեռանկարներին: Անշուշտ, մշակութային այս ինքնատիպ եռուզեռը նորանշանակ տնօրենի անդադրում եւ եռանդուն աշխատանքի արդյունքն է: Նախկինում Մշակույթի տուն, իսկ այսօր՝ Մշակույթի կենտրոն, քանի որ իր ներսում արդեն միավորում է 4 հիմնարկություն. Գեղարվեստի դպրոցը, Քաղաքային գրադարանը, Մանկական գրադարանը, Մշակույթի տունը:

Տիկին Զուրաբյանը հիմնավորեց, որ միասնական աշխատանքը տրամաբանական ու նպաստավոր է, իսկապես արվեստները անբաժան չեն կարող լինել: Մշակույթի կենտրոնի կարեւոր ձեռքբերումներից մեկն է ժողովրդական թատրոնի վերածնունդը` «Կյանքն ինչպես, որ կա» պիեսի ներկայացման պրեմիերան Նոյեմբերյանում: Սցենարի հեղինակը, ռեժիսորը, ինչպես նաեւ բեմադրող դերասաններից է ՀԳՄ Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը: Ներկայացված թեման անչափ հուզիչ է եւ արդիական. խոսում է արտագաղթի մասին: Մեկ այլ հաջողված պրեմիերա էր «Չի լինում – մի լինում»-ը:

Հաջողությունը ակնառու է նաեւ պարի ասպարեզում. «Սոսե» պարային համույթը նոյեմբերին Երեւանի «Նազանք» հանրապետական մրցույթում գրավեց մրցանակային առաջին տեղը:

Հիշարժան է նաեւ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նոյեմբերյանի մանկական գրադարանի ակտիվ ընթերցողների եւ մանկապատանեկան թատերական ստուդիայի սաների հետաքրքիր միջոցառումը Դսեղում:

Այս ամենի մասին տնօրեն Ս. Զուրաբյանը խոսում է մեծ հիացմունքով, ոգեւորությամբ ու անմոռանալի հիշողություններով. չէ՞ որ յուրաքանչյուր միջոցառում նրա եւ Մշակույթի կենտրոնի աշխատակիցների հաջողությունն ու հպարտությունն է:

Խոսելով հեռանկարների մասին` տիկին Զուրաբյանը ներկայացրեց մարտի 18-ին կայանալիք KBH-ՈՒՀԱ` «ուրախների, հնարամիտների ակումբ» դպրոցական լիգայի առաջին հումորային ելույթի կազմակերպման մասին:

Շուտով Նոյեմբերյանում կյանքի կկոչվեն հեքիաթները՝ հմուտ մասնագետ Ն. Աբրահամյանի տիկնիկային արվեստի եւ դերասանական վարպետության շնորհիվ: Ամռանը համայնքում նախատեսվում է Վարդավառին նվիրված միջոցառում կազմակերպել, որը միտված է ազգային կոլորիտ ստեղծելուն:

Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի գործունեությունը, իսկապես, ազգանվեր գործ է նման սահմանամերձ տարածաշրջանի համար: Եվ տիկին Զուրաբյանը շատ տեղին նկատեց. «Սահմանի վրա մշակույթ պահելը հավասար է զինված բանակ ունենալուն, երբ մշակույթը զարգանում է, հույսն ու հավատը մեծանում է»:

ԱՆՈՒՇԻԿ ԳԻՇՅԱՆ

ՀՊՄՀ մշակութաբանության

4-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031