Գրիգոր Մելիք-Սարգսյանի` ճանաչված իրավաբանի, երգիծաբանի գրական ձիրքը, երեք տասնյակից ավելի խոհափիլիսոփայական, իրավական ու երգիծական բնույթի գրքերը վկայում են, որ նա սուր է զգում ժամանակի ու գրականության ներքին առնչությունը:
Նորերս հրատարակված «Խնդա՞մ, թե՞ լացեմ» ժողովածուի (Երեւան, ՎՄՎ-Պրինտ», 2018թ.) երգիծական բանաստեղծությունները եւ արձակ էջերը թեմատիկ առումով նախորդ գրքերի օրգանական շարունակությունն են` ժողովրդական մտածողությամբ եւ խոհափիլիսոփայական արծարծումներով:
Մեր ժողովրդի պատկերավոր արտահայտությամբ` արարող, ստեղծող, իր ինքնության համար պայքարող մարդը մի աչքով տրտմել, արտասվել է, մյուսով ժպտացել, ուրախացել է` լավ ու արժանապատիվ, ազատ ու անկախ կյանք կերտելու մաքառումով: Իսկ խոչընդոտի հանդիպելիս ոչ թե շրջանցել է այն, այլ պայքարել է դրա դեմ: Խնդրո առարկա գրքի արժանիքներից թերեւս առաջինը այն է, որ Մելիք-Սարգսյանը նշավակելով, թիրախավորելով հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների արատավոր հատկանիշները, անբարո գործելակերպն ու անձնանպաստ կեցվածքը, քաջնազարությունը` հայոց մեծերի, հայրենապաշտ գործունեության օրինակներով, հայրենի պատմության դասերով անարգանքի սյունին է գամում նյութապաշտ, մորթապաշտ ու երկերեսանի քծնողներին, գռփողներին: Այսինքն` երգիծական խոսքը, իրականությունը խեղաթյուրող, պղտորող պատկերը ցավեցնում են գրողի միտքն ու հոգին եւ ծնվում են ընդվզումի, դատապարտումի, առողջ ու արդարացի քննադատական նետահարումները` մեղմաբարո ծիծաղից սկսած մինչեւ ոչնչացնող ծաղրը: Այս վերջինը առանձնապես հրամայական է դառնում, երբ հայրենիքին սպառնում է վտանգ, կոտորակվում է հասարակությունը` քարոզչական եւ պատերազմական սադրանքներ են հրահրում աշխարհի զորեղները:
Երգիծանքը, զավեշտը, մեղմ հումորն ու սարկազմը, ոճակառուցվածքային տարբեր դրսեւորումներով նկատելի որակ են կազմում «Խնդա՞մ, թե՞ լացեմ», «Հայ գիտունների նվաճումները», «Դոստոեւսկու խաղատունը», «Թռչնակը թռավ», «Անկուշտ տերերը», «Իմ քարավանը», «Կայծակի նման», «Մարդ եղեք», «Խելացի մարդիկ», «Ավգյան ախոռներ» եւ այլ բանաստեղծություններում:
Հատկանշական է, որ գրքի արձակ էջերը կառուցված ու շարակարգված են, այսպես կոչված, ներքին հանգավորումներով, որոնք դրուրըմբռնելի են դարձնում պատումի երգիծադրամատիկ բովանդակությունը: Դրության, խոսքի ու գործի կոմիզմի, մեր օրերի քաջնազարականության օրինակ է. «Իշխան Սաքոն» պատումը, ուր բացարձակի է հասցված անհատապաշտությունը, իսկ ծաղրն ու ծանակումը ուղղված է երեւույթը սնող բարքերի դեմ, որոնք ի վերջո արժանանում են արդարամիտ դատաստանի ու կործանման:
Իսկ «Սասնա Դավթի վերադարձը» պատումում գրողը անդրադառնալով մեր կյանքում տեղ գտած այլազան ու անկատար երեւույթներին, միջազգային ծավալապաշտ ու կեղծապատիր քաղաքականությանը, ազգային էպոսի հերոսի` Դավթի օրինակով պատերազմ է հայտարարում անարդարությունների, չարիքի, հայրենիքի զարգացումը խոչընդոտող ներքին ու արտաքին ուժերի դեմ, որպեսզի հայ մարդը ապրի ազատ ու անկախ, արարի ու ստեղծի, զորացնի հայրենի երկիրը: Նույն գաղափարը արծարծված է նաեւ «Հայոց մեծերի պատվիրանները» պատումում, ուր վկայակոչված են Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Րաֆֆու, Միք. Նալբանդյանի, Չարենցի, Պ. Սեւակի, Վ. Սարոյանի եւ Շ. Ազնավուրի իմաստուն եւ հայրենազգաց մտքերն ու պատվիրանները:
Այնպես որ, Մելիք-Սարգսյանը գիտի արվեստի, հատկապես երգիծանքի մեծ օրենքը` ճշմարտությունն ասել նրբերանգներով ու ենթաբնագրով:
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Առավոտ»
14.03.2018