Երեկ Եվրիմաժի խորհրդի նիստի ավարտից հետո հայ եւ արտասահմանցի փորձագետները քննարկել են «գենդերային հավասարությունը կինոյի ոլորտում»:
Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային աջակցության հեղինակավոր հիմնադրամին անդամակցում է 2016 թվականից: «Եվրիմաժը» (Eurimages) հիմնադրվել է 1988 թվականին՝ որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված է 37 երկիր:
Երեկ տեղի ունեցած քննարկման մասնակիցներից ռեժիսոր Սեդա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկվա ծրագրի նպատակն էր ներկայացնել Եվրիմաժի նոր քաղաքականությունը, որի նպատակն է մինչեւ 2020 թվականը իրենց անդամ պետությունների կինոարտադրությունում խրախուսել , որ գենդերային հավասարությունը հասնի 50/50 –ի:
«Շատ խորքային ուսումնասիրություն դեռ հնարավոր չէ անել, բայց ազգային կինոկենտրոնից վերցրել ենք որոշակի տվյալներ, որոնց համաձայն Հայաստանում կին ռեժիսորները վերջին տարիներին մոտ 28 տոկոս են կազմում պետական աջակցություն ստացած ֆիլմերի ցանկում, բայց երբ տարանջատում ենք կարճամետրաժ ֆիլմերը լիամետրաժներից, պատկերը փոխվում է: Կարճամետրաժներում կանայք շատ ավելի մեծ ցուցանիշ ունեն, քան՝ լիամետրաժներում: Օրինակ 2016 թվականին վեց լիամետրաժ ֆիլմ է պետական աջակցություն ստացել, որոնցից ոչ մեկի ռեժիսորը կին չէ, 2015 թվականին 8 ֆիլմից միայն մեկի ռեժիսորն է կին եղել »,- ասաց Սեդա Գրիգորյանը:
Ըստ նրա՝ Հայաստան այցելած Եվրիմաժի փորձագետներին ուրախացրել է, որ վերջին տարիներին Հայաստանում պետական աջակցություն ստացած ֆիլմերի ցանկում կան մոտ 28 տոկոս կին ռեժիսորներ. «Իրենք ասացին, որ դեռ մի քանի տարի առաջ, երբ նոր սկսում էին ուսումնասիրել եվրոպական երկրներում ոլորտի խնդիրները, այնտեղ ցուցանիշը 17 տոկոս է կազմել, մեզ մոտ կին ռեժիսորները ակտիվ են, ու մենք ավելի լավ վիճակում ենք, բայց կանանց ներգրավվածությունը լիամետրաժ ֆիլմերի արտադրության մեջ, ըստ ցուցանիշների, խնդրահարույց է թվում: Երեկ կարծիքներ հնչեցին, որ հաճախ, երբ կին ռեժիսորները դիմում են ֆինանսավորման, արդեն վերապահումների առիթ է, թե որքանով է սա համապատասխանում իրականությանը, ավելի խորքային հետազոտությունը միայն կարող է բացահայտել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ