Քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով այսօրվա դատական նիստի ժամի վերաբերյալ կողմերը տարբեր ժամերի էին ծանուցվել: Ինչի պատճառով դատական նիստը կրկին հետաձգվել է:
Հիշեցնենք, որ Հակոբ Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի օրը Երևան քաղաքի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին, ժամը 17:00-ի սահմաններում բռնություն գործադրելով՝ խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Դեխնավիի պաշտպան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ այսօր երկու վկա էր դատարան ներկայացել, երկուսն էլ հանձնաժողովի անդամներ: Արդեն իսկ հարցաքննվել է հանձնաժողովի նախագահը, ըստ Գյուրջյանի, նա որպես այս գործով շահագրգիռ կողմ, լրիվ հերքել է Դեխնավիին.
«Ցուցմունք է տվել հակառակի մասին, որ պարոն Դեխնավին է նախաձեռնել վիճաբանությունն ու հարված հասցրել իրեն: Նրա ցուցմունքը հակասում է մյուս վկաների ցուցմունքներին, որոնք պնդել են, որ Դեխնավին հարված չի հասցրել»:
Այս գործով երկու վկայի հարցաքննություն է մնացել, ինչից հետո տեսագրությունների տեսքով ապացույցները կհետազոտվեն, ըստ փաստաբանի՝ դատաքննությունը մոտենում է ավարտին: Հաջորդ դատական նիստի մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ