Շիրակի մարզի ստոմատոլոգներն այսօր ժամը 13․30-ին հավաքվել էին Շիրակի մարզպետարանի դիմաց, որպեսզի հանդիպեին Շիրակի մարզ այցելած առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ ու մեկ անգամ ևս իրենց առարկությունը ներկայացնեին էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման պարտադրանքի դեմ։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց զանգահարել ու հրավիրել են մարզպետարան՝ առողջապահության նախարարի հետ հանդիպման։
Սակայն նախարարը, որը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր, այցելել է Ախուրյան, Արթիկ նաև Գյումրի բժշկական կենտրոն, այդպես էլ չհանդիպեց ստոմատոլոգների հետ։ Ի դեպ, նախարարի այցը գաղտնի է պահվել անգամ լրագրողների մեծ մասից, այն լուսաբանելու համար հատուկենտ լրատվամիջոցների են հրավիրել։
Լևոն Ալթունյանն իր փոխարեն ստոմատոլոգների մոտ ուղարկեց նախարարության աշխատակից Արթուր Թադևոսյանին, որը հանդիպման եկավ ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանի ու «Արմեդ» կազմակերպության ներկայացուցիչ Գերոգի Ասատրյանի հետ։
Արթուր Թադևոսյանն ասաց, որ իր ինքը ևս ստոմատոլոգ է, ստոմատոլոգ է նաև իր քույրը, փեսան, այնպես որ բոլորը հարցերն առնչվում են նաև իր ընտանիքի անդամներին։ Նա նույնիսկ խնդրեց իրեն չդիտարկել որպես առողջապահության նախարարության ներկայացուցչի , որը եկել է ինչ-որ հարցեր պարտադրելու։ Արթուր Թադևոսյանն իր խոսքի սկզբում փորձեց բացատրել, թե ինչ է առողջապահական էլեկտրոնային համակարգը, որն է այն ներդնելու նպատակը, սակայն ստոմատոլոգները սկսեցին առաջ քաշել վիճահարույց խնդիրները։ Հանդիպումն անցավ բավական թեժ մթնոլորտում, նույնիսկ հնչեցին կարծիքներ, թե «քեզ էլ որպես համոզող են ուղարկե՞լ»։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչն իր խոսքում ասաց․ «Համակարգը նոր չի մտածվել, ամիսների հարց չէ, մոտավորապես տաս տարի առաջ այս հայեցակարգը դրվել է շրջանառության մեջ, ինչպես նաև «Դեղերի մասին» օրենքով վերջին փոփոխությունները դեղատոմսերի հետ կապված։ Մեզ դեղերի հետ կապված միջազգային կազմակերպությունները դեռ 2008 թվականից անընդհատ տարբեր զեկույցներում մեր ուշադրությունն են հրավիրել, որ դեղերը, տվյալ դեպքում հակամանրէային պրեպարատները չի կարելի առանց դեղատոմսի դուրս գրել։ Ի՞նչ եմ ուզում ասել ՝ նմանատիպ ծրագրերը բավականին երկար ճանապարհ են անցել, ուղղակի հիմա եկել է այն պահը, որ կոնկրետ ներդրման հետ կապված քայլեր պետք է արվի։ Սրանք հասարակական նշանակության, հնչեղություն ունեցող հարցեր են, ուղղակի այսօր մեր առողջապահության նախարարը կամք է դրսևորել՝ գնահատելով, որ դրանք կարևորագույն ծրագրեր են, ճիշտ հասկացեք։ Եթե մենք ուզում ենք համաչափ զարգանալ, միշտ բերում ենք միջազգային ստանդարտները, այ տեսեք էնտեղ ոնց են աշխատում, քայլեր պիտի կատարենք վաղ թե ուշ, մենք ստիպված են կատարելու, հիմա չկատարեցինք 2-3 տարի հետո ենք կատարելու»։
Ստոմատոլոգները, սակայն սաստեցին նրան՝ ասելով, թե աշխարհում ընդամենը երկու երկիր կա, որտեղ ներդրվել է էլեկտրոնային առողջապահական համակարգ և առհասարակ պետք չէ համեմատվել հարուստ երկրների հետ։ Նախարարության ներկայացուցչի ու փաստաբան Արամայիս Հայրապետյանի միջև թունդ զրույց ծավալվեց մարդու անձնական տվյալների գաղտնիության շուրջ։
Արթուր Թադևոսյանը պնդում էր, որ էլեկտրոնային համակարգի ներդրումը չի ստիպում որևիցե մեկին մտնել մարդու անձնական դաշտ և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հաղորդել։ Փաստաբանը, սակայն, նշեց, որ կառավարությունն իր որոշմամբ պարտադրում է մուտք անել հիվանդի տվյալները, մինչդեռ հիվանդը կարող է և չհամաձայնել իր տվյալները մուտք անել։ «Եթե մենք չենք հարցնում համաձայնություն և մուտք ենք անում, դուրս է գալիս ապօրինի, ո՞վ պիտի պատասխան տա։ Եվ եթե հիվանդը թույլ չի տալիս իր տվյալները մուտքագրել, ինչպե՞ս պետք է լուծել այդ հարցը»,-հարցրեց փաստաբանը։ Պաշտոնյան պատասխան չուներ, ստոմատոլոգները զայրացան, թե թող գար մեկը, որը հստակ պատասխան կունենար իրենց հարցերին։
Նրանց նաև զայրացրեց, թե ինչո՞ւ պետք է իրենք գումար ծախսեն կառավարության պարտադրած էլեկտրոնային համակարգը ներդնելու համար։ «Դա առաջին հերթին պետք է լինի առողջապահության նախարարության հաշվին, ո՞ւմ հետ է պայմանագիր կքնել «Արմեդ» կլինի, թե «մեդալ», դա մեզ չի վերաբերում, եթե պարտադրում էս ծրագիրը բոլորիս, ինքը պետք է վճարի էս համակարգը սպասարկողին»,- ասաց Էմիլ Ասլանյանը։
Նախարարության ներկայացուցիչն ասում էր, թե եկեք ներդնեք համակարգը ու այն կատարելագործելու առաջարկներ ներկայացնենք։ Ըստ նրա, այն միևնույնն է ներդրվելու է։ «Շիրակի մարզում չի ներդրվի»,-հայտարարեցին ստոմատոլոգներից մեկը, որին ծափահարեցին բոլոր գործընկերները։
«Մենք մեր առաջարկներն արդեն ներկայացրել ենք վարչապետին ու նախարարին, հիմա ի՞նչ եք առաջարկում , մենք մեր գործը թողնենք ամեն օր վարչապետին ու նախարարին նամակ ուղարկե՞նք»,- ասաց Սերգեյ Սերոբյանը։
Շիրակի մարզի ստոմատոլոգների միության նախագահ Ռադիկ Ասլանյանը բավական կոշտ խոսեց ասելով․ «Ձեզ հարց տվել եք՝ ինչի՞ համար Գյումրին առաջինը ոտքի բարձրացավ։ Ես փոխնախարարի հետ հանդիպմանն ասացի՝ գիտե՞ք Գյումրին քանի բնակիչ ուներ, 300 հազար, ներկայումս եթե 60-70 հազար լինի լավ է, ներկայումս ստոմատոլոգները մի քիչ էլ պիտի կարողանան արդիականացնել, որպեսզի Երևանից հետ չմնան, բայց չեն կարողանում, իսկ դուք լրացուցիչ բեռ եք ստեղծել, մտել եք ստոմատոլոգի գրպանը, որ գումար տանեք, չի կարելի էս ձևի։
Հայաստանը համարվում է ԱՊՀ երկրների մեջ 3-րդ ամենաաղքատ երկիրը, իսկ Գյումրին բոլոր մարզերից ամենաաղքատն է, դե պատկերացրեք, այ դրա համար էլ ոտքի ենք կանգնել»։
Ստոմատոլոգներն անիմաստ, անպտուղ հանդիպում որակեցին՝ նշելով, որ ճիշտ հասցեատերը չի եկել ու նեղվեցին, որ Շիրակի մարզ այցելած նախարարը հարկ չհամարեց գալ ու իրենց հարցերին պատասխանել։ «Մենք նախարարին էինք սպասում, ոչ ձեզ։ Նախարարը մեզ բժիշկներ չհամարեց հա՞, ուրեմն Արթիկում, երևի, ավելի լավ բժիշկներ կան»,-ասաց ստոմատոլոգները։
Նրանք հայտարարեցին, որ դատի են տալու էլեկտրոնային համակարգի կառավարումը ստանձնած «Արմեդին» իրենց սպառնալու համար։
Դահլիճում նստածներից մեկն էլ բացականչեց․ «Տվել եք «Արմեդին, որ գոլ զարկի»։ Հանդիպումն ավարտվեց առանց ընդհանուր հայտարարի գալու, ստոմատոլոգները նեղվեցին, որ առանց իրենց կարծիքը հարցնելու որոշումներ են ընդունում։ Նրանք մեկ անգամ ևս նշեցին, որ պատրաստ չեն նման պայմաններով էլեկտրոնային համակարգ ներդնելու։ Սերգեյ Սերոբյանը հարցրեց՝ եթե չեմ ներդնի, ինչ վարչական պատասխանատվություն, ինչ տույժ- տուգանք է գործում, այս հարցին ևս չկարողացան հստակ պատասխան տալ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ