Մարտի 14-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված «Գողացված Վռուբելի վերադարձը» ցուցահանդեսի բացմանը: Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը գողացել էին 1995թ-ին Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանի հավաքածուից՝ հենց թանգարանից:
Նկարը հայտնաբերվեց միայն 22 տարի անց՝ ռուսական հատուկ ծառայությունների կողմից: 2017 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինը այն հանձնեց Սերժ Սարգսյանին: Նկարը Տրետյակովյան պատկերասրահում մոտ 8 ամիս վերականգնել է Իննա Սոլովովան, որը նույնպես ներկա էր ասուլիսին:
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարևորեց հայտնի գլուխգործոցի վերադարձը Հայաստան. «Սա աստվածային, հրեշտակային նվեր է թանգարանին: Այսպես մենք կկարողանանք նորից հանրությանը ներկայացնել նկարը՝ միևնույն ժամանակ մեծացնելով մարդկանց այցելությունների քանակը թանգարան»:
Որպես շնորհակալություն՝ Արմեն Ամիրյանը Տրետյակովյան պատկերասրահի տնօրենին և նկարը վերականգնողին շնորհեց ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգև՝ ոսկե մեդալ:
«Մենք համոզված ենք՝ այն բրենդային փաթեթը, որ մշակել ենք թանգարանի համար Վռուբելյան այս ստեղծագործության շուրջ, կդառնա շատ հզոր շարժառիթ՝ թանգարանին նոր շնչառություն փոխանցելու համար», ասաց Արմեն Ամիրյանը:
Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը շեշտեց. «Այն, որ նկարը գողացվել ու վերականգնվել է, փաստում է դրա պատմական ու մշակութային արժեքը: Մենք միջոցառումների մի ամբողջ շարք ենք պատրաստել, ուր կներկայացնենք նկարի ողջ պատմությունը՝ ստեղծումից մինչև վերածնունդ»:
Վռուբելի այս նկարը ստեղծվել էր Լերմոնտովի մահվան 50-ամյակի առթիվ: Վռուբելն այս առիթով արել է 36 գծանկար, իսկ «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը այդ շարքի եզրափակիչ նկարն է եղել:
Արամ Աբրահամյանն այն ձեռք է բերել ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Եկատերինա Գելցերինի հավաքածուից: Նկարը կապված է Լերմոնտովի «Դևը» պոեմի տեքստի և Անտոն Ռուբինշտեյնի համանուն օպերայի հետ:
Տրետյակովկան պատկերասրահի 18-20-րդ դդ. գծանկարի վերականգնման բաժնի վարիչի տեղակալ Իննա Սոլովովան ասուլիսի ժամանակ ասաց.
«Երբ բերեցին տուփի մեջ դրված նկարն ու թողեցին սեղանիս, ես ուզում էի արտասվել: Նկարը բաժանված էր կտորների՝ որոշները՝ միլիմետրանոց, որոշներն՝ ավելի մեծ… Բայց մեզ պետք էր նկարին տալ նախկին տեսքը՝ առանց այն վնասելու, չէ՞ որ Վռուբելն ավելի շատ սրբություն է: Բարդ ու ժամանակատար աշխատանք էր, ինձնից յոթ ամիս է պահանջվել՝ այն վերականգնելու համար: Նկարը պատռված չի եղել. ավելի շատ տպավորություն էր, թե դրա վրա մի ծանր բան են դրել, կամ գուցե նստել են վրան: Բայց դա ավելի լավ է, քանի որ կարողացանք համարյա աննկատ միացնել մասերը: Ուսումնասիրության ընթացքում հասկացանք նաև, որ նկարը նախկինում էլի են փորձել վերականգնել»:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ նկարի կորուստն ու վերադարձն իր համար զարմանահրաշ պատմություն է, քանի որ ինքն էլ ներկա է եղել գեղանկարի փոխանցման արարողությանը:
Նկարի վերադարձին նվիրված՝ իրականացվելու են հետևյալ միջոցառումները.
Մարտի 15-ին, ժամը 13.00-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի կկազմակերպվի կլոր սեղան-հանդիպում նկարի վերականգնող Իննա Սոլովյովայի հետ:
Մարտի 16-ին, ժամը 19.00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վռուբել» գրական-երաժշտական ներկայացումը:
Վռուբելի ստեղծագործությունը Ռուսական արվեստի թանգարանում հասանելի կլինի մարտի 20-ից նոյեմբերի 20-ը:
Մամլո ասուլիսից անմիջապես հետո տեղի ունեցավ նկարի՝ վերականգնվելուց հետո առաջին փակ ցուցադրությունը:
Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ