Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ կասկածում եմ, թե՝ 1996-ին ինքը որտեղ է եղել». ՀՀԿ-ականը՝ Փոստանջյանին

Մարտ 14,2018 19:11

«Վուդրո Վիլսոնին եւ Վազգեն Սարգսյանին ընդհանրապես չի կարելի համադրել, այս երկու կերպարները համեմատելի եւ համադրելի չեն»: Aravot.am-հետ զրույցում այսպես արձագանքեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ «Երկիր Ծիրանիի»՝ Վազգեն Սարգսյան փողոցն անվանափոխել Վուդրո Վիլսոնի անունով առաջարկությանը:

Մարտի 19-ի ավագանու նիստում «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ մյուս անդամները որոշման նախագիծ են ներկայացրել՝ «Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ:

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի հարակից այգում, երեւանցիների համար հայտնի որպես «Էրեբունի-Երեւան 2750» շատրվաններ, Վուդրո Վիլսոնի հուշարձանը տեղադրելու մասին»:

Նաիրա Նահապետյանն այս առնչությամբ նաեւ նկատեց՝ «Վուդրո Վիլսոնը բավականին մեծ ներդրում ունի հայ ժողովրդի համար: Բայց Երեւանում Վազգեն Սարգսյանի փողոցը միակը չէ, որ ուզում են անվանափոխել: Ես այստեղ միտում եմ տեսնում: Ընդհանրապես, այդ գաղափարը, որ կարելի է փողոց անվանափոխել, ընդունելի չէ: Որովհետեւ, նախ՝ չեմ հասկանում ՝ ի՞նչն է պատճառը, որ Վազգեն Սարգսյանը համադրվել է Վիլսոնի հետ: Դա անընդունելի է՝ մեր ազգի հերոսով անվանակոչված փողոցը փոխել այլ մարդու անվան հետ, որը, կրկնում եմ, այո, մեծ ներդրում ունեցել է: Բայց կարելի է առաջարկել որեւէ այլ փողոց, նոր փողոց անվանել Վիլսոնի անունով: Վազգեն Սարգսյանի անվան փողոցը փոխելու վերաբերյալ իմ դիրքորոշումը կատեգորիկ բացասական է: Չեմ  պատկերացնում, թե՝ ի՞նչ փաստարկներ պետք է բերի տիկին Փոստանջյանը, որով հիմնավորում է, որ կարելի է անվանափոխել այդ փողոցը»:

«Երկիր Ծիրանին»՝ ի դեմս Փոստանջյանի, մեկ այլ որոշման նախագիծ էլ է ներկայացրել, որով առաջարկում են՝ «Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Մովսես Խորենացու եւ Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգում մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրել»:

Այս առնչությամբ էլ Նահապետյանն ասաց, որ դեռ մարտի 1-ի գործը բացահայտված չէ, ուստի հուշարձան տեղադրելու մասին առաջարկն էլ անտեղի է. «Մարտի 1-ի գործն անգամ իր ավարտը չի ստացել, այսինքն՝ այդ մարդիկ, որոնք եղել են հեղաշրջման մասնակից, նրանց դեռ պատասխանատվության չեն կանչել: Ուրեմն՝ ի՞նչ հուշարձանի մասին են խոսում: Թեման դեռ ավարտված չէ, ծավալուն է: Չեմ կարող ասել, թե՝ ե՞րբ կավարտվի, ե՞րբ հայ ժողովուրդը կստանա պատասխանը, թե՝ իսկապես, ո՞վ է մեղավորը, եւ ինչո՞ւ ստացվեց, որ այդքան մարդիկ զոհվեցին: Երբ պատասխանը կլինի՝ կարելի է մտածել հուշարձան դնելու մասին»:

«Երկիր Ծիրանին» մարտի 1-ի զոհերի հիշատակի համար հուշարձան տեղադրելու համար ուշագրավ հիմնավորումներ է ներկայացրել՝ մարդասիրական, քաղաքական եւ իրավական հիմնավորումներ:

Քաղաքական հիմնավորումն այս խմբակցության հետեւյալն է. «Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում այդպես էլ տեղի չունեցավ ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության ձեւավորում: Այնուամենայնիվ, նորանկախ Հայաստանի քառորդդարյա պատմությունը փաստեց, որ ժողովրդի քվեով չընտրվեցին ո՛չ խորհրդարան, ո՛չ նախագահ եւ ո՛չ էլ ընդունվեց Սահմանադրություն: Հայ ազգը նորանկախ Հայաստանի բռնակալությունից առաջին սարսափելի հարվածը ստացավ 1995-1996 թվականներին, երբ կեղծվեցին ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքները եւ հայտարարվեց քաղաքական իշխանության ձեւավորման համար այլեւս կիրառվելիք հետեւյալ բանաձեւը՝ «Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»:

Առաջին անգամ 1996 թվականին ազգային զինված ուժերը բերվեցին Երեւանի կենտրոնական փողոցներ, որոնց միջոցով ճնշվեց ժողովրդի արդար ցասումը: Իսկ արդեն երկրորդ անգամ՝ 2008 թվականին, ազգային զինված ուժերը ոչ միայն գտնվում էին Երեւանի կենտրոնական փողոցներում եւ ճնշեցին ժողովրդի արդար ցասումը, այլ նաև այդ ընթացքում ուղիղ նշանառությամբ թիրախավորեցին, վիրավորեցին և սպանեցին մարդկանց: Քառորդդարյա վաղեմություն ունեցող բռնակալական համակարգը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական չի ստացել: Բռնակալական համակարգի ցայտուն եւ ցինիկ դրսեւորումը՝ 2008 թվականի մարտի 1- ը, որը հայ ազգից խլեց 10-ը անմեղ կյանք, վիրավորվեցին եւ հանիրավի ազատազրկվեցին հարյուրավորները, կարիք ունի համապարփակ դատապարտման՝ որպես անպատժելիության դեմ առաջադեմ քաղաքակրթության պատասխան»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ «Երկիր Ծիրանին» հիմնավորել է իրենց որոշումը, եւ շեշտը հենց 1996 թվականի իրադարձությունների վրա է դրել, Նահապետյանն ասաց. «Ճիշտն ասած, քանի որ տիկին Փոստանջյանը ոչ ադեկվատ հարցեր է ներառում ավագանու նիստերում, եւ ընդհանրապես, հաշվի առնելով իր պահվածքը, իր քաղաքական ոչ ադեկվատ որոշումները, ես չեմ ցանկանում նրա քաղաքական երգակցությունները մեկնաբանել: Ես խիստ կասկածում եմ, թե 1996-ին ինքը որտեղ է եղել: Կասկածում եմ, որ սթափ քաղաքական մոտեցումների վրա է հիմնվել: Կրկնեմ՝ եթե Երեւանում ունենք բազմաթիվ փողոցներ, որոնք անվանակոչված չեն, ու փոխել հենց Վազգեն Սարգսյանի փողոցի անունը, ուրեմն՝ կարծում եմ, այդ մարդը չի կարող սթափ քաղաքական գործիչ լինել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    վազգեն սարգսյանի «թողած ժառանգությունը»
    երկու- պետական հեղաշրջում, 3-կեղծված ընտրություն, եւ վերջապես անձինք՜
    լիսկա , գեներալներ մանվել – սեյրան, վովա գասպարյան, Մուկն ու կաթողիկոս գարեգին բ :
    սրանք են անգնահատելի ու անփոխարինելի մեր մեծերը…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031